«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» միանում է «Արդշինբանկին». վերջինս դառնում է Հայաստանի խոշորագույն բանկը

11.10.2016 18:26
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» միանում է «Արդշինբանկին». վերջինս դառնում է Հայաստանի խոշորագույն բանկը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման գործարքը «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից, որի միակ բաժնետերն է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վերջնական շահառու և Խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը:

Այս մասին նշվում է երկու բանկերի համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, հաջորդ փուլով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն մտադրություն ունեն նախաձեռնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բանկերի միացման գործընթաց, ինչի արդյունքում նախատեսվում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ն միացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:

«Միացման արդյունքում, ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը, այդ թվում` բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով ևս։ Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Բանկերի միացումը վերջիններիս թույլ կտա լրացնել միմյանց՝ միավորելով ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ամենը զգալիորեն կընդլայնի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով ինչպես կորպորատիվ, այնպես էլ` մանրածախ բիզնեսի ոլորտում։ Այսպիսով, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավելի կամրացնի Հայաստանի բանկային համակարգում իր առաջատարի դիրքը և շուկայում կստանա մրցակցային նոր առավելություններ:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն (մինչ 2014թ.-ի նոյեմբերը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 2003թ.-ին, ունի 56 մասնաճյուղ, 1 սպասարկման կետ և ներկայացուցչություն Փարիզում։ Ըստ բանկային հիմնական ցուցանիշների՝ այն ներառված է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, «Արդշինբանկի» ակտիվները 2016թ.–ի երկրորդ եռամսյակի վերջում կազմել են 452,7 մլրդ դրամ (13 տոկոսի աճ), պարտավորությունները` 401,5 մլրդ դրամ (14 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 51,3 մլրդ դրամ (5,9 տոկոսի աճ), կանոնադրական կապիտալը` 19,6 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները` մոտ 310,5 մլրդ դրամ (13,16 տոկոսի աճ)։ Միաժամանակ բանկի շահույթը 2016թ.–ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 2 226,3 մլն դրամ (47,56 տոկոսի աճ)։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին, ունի 16 մասնաճյուղ և 1 սպասարկման կետ։ Ըստ բանկային հիմնական ցուցանիշների՝ այն միջին դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում։ Մինչ 2016թ.-ի հոկտեմբերի 7-ը բանկը հանդիսանում էր «Գազպրոմբանկ» ԲԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) դուստր բանկը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ակտիվները 2016թ.–ի երկրորդ եռամսյակի վերջում կազմել են 97,9 մլրդ դրամ (տարեսկզբից 4,8 տոկոսի աճ), պարտավորությունները` 75 մլրդ դրամ (6,6 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 22,9 մլրդ դրամ (0,74 տոկոսի անկում), կանոնադրական կապիտալը` 30,59 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները` մոտ 39,7 մլրդ դրամ (5,17 տոկոսի անկում)։ 2016թ.–ի առաջին կիսամյակը բանկն ավարտել է 183,4 մլն դրամ կորուստով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1 156,2 մլն դրամ կորուստի դիմաց:

Առևտրային երկու բանկերն էլ տրամադրում բանկային ծառայությունների ողջ շրջանակը Հայաստանի և ԼՂՀ-ի տարածքում։

«Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական կորպորացիան հիմնադրվել է 2006թ.-ին և իր հիմնադրման օրվանից մինչ օրս ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանում։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի միացման արդյունքում Հայաստանում կգործի 18 բանկ: Հարկ է նշել, որ 2014 թ.-ի վերջին ՀՀ ԿԲ-ն որոշում է կայացրել 2017 թ.-ի հունվարի 1-ից բարձրացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը մինչև 30 մլրդ դրամ` նախկին 5 մլրդ դրամի փոխարեն: Ինչից հետո, Հայաստանի բանկային շուկայում սկսվեցին կապիտալի համալրման գործընթացներ, ինչպես նաև միաձուլումներ և կլանումներ: ($1 - 475,34 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև