ՓՄՁ–ի զարգացմանն ուղղված վարկային համաձայնագիր է կնքվել ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի և FMO–ի միջև

18.10.2016 15:49
ՓՄՁ–ի զարգացմանն ուղղված վարկային համաձայնագիր է կնքվել ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի և FMO–ի միջև

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նիդեռլանդների Զարգացման Ֆինանսական Ընկերությունը (FMO) և  ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ վարկային պայմանագրի, ֆինանսական միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության հատվածի զարգացմանը:

Համաձայնագիրը ստորագրվել է Նիդեռլանդների Նորդվեյք քաղաքում FMO-ի կազմակերպված «Ֆինանսների Ապագան» կոնֆերանսի շրջանակում։

Ձեռք բերված վարկային ռեսուրսը բազմարժութային է, ինչը ենթադրում է, որ ներգրավվող ռեսուրսը կարող է լինել ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով: Այս համաձայնագիրը Բանկի և FMO-ի միջև առաջին ուղիղ համագործակցությունն է:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը FMO-ի հետ իր համագործակցությունը սկսել է դեռևս 2012թ.-ից՝ Բանկի և ՎԶԵԲ–ի միջև կնքված տեղական արժույթով վարկի շրջանակներում, որի ժամանակ FMO-ն հանդես է եկել որպես երկրորդ վարկատու:

FMO-ն հոլանդական զարգացման բանկն է, որը շուրջ 46 տարի ներդրումներ է իրականացնում զարգացող երկրների տնտեսություններում: Մոտ 85 երկրներում 8.9 մլրդ եվրոյի ներդրումներ իրականացրած FMO բանկն աշխարհում մասնավոր հատվածի զարգացմանը խթանող խոշորագույն կազմակերպություններից մեկն է:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև