«Յունիբանկի» բաժնետոմսերը տեղափոխվեցին բորսայի հիմնական (A) ցուցակ

19.10.2016 11:37
«Յունիբանկի» բաժնետոմսերը տեղափոխվեցին բորսայի հիմնական (A) ցուցակ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Դա հնարավոր եղավ հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ:

Այժմ «Յունիբանկի» ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասը գերազանցում է 15.8%-ը, ինչը վկայում է բանկի բաժնետոմսերով առևտրի ծավալների աճի և բաժնետոմսերի իրացվելիության բարձր մակարդակի մասին:

Վերջին 12 ամսվա ընթացքում «Յունիբանկն» իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում և ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը` էապես համալրելով կապիտալը և ապահովելով բանկի հետագա առաջխաղացումը շուկայում:

2016թ.-ի երրորդ եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունք գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»:

Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ: Հաշվի առնելով հասարակության և ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության և բաժնետոմսերի նկատմամբ, ևս մեկ թողարկում «Յունիբանկը» նախատեսում է իրականացնել այս տարվա աշնանը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ (1 դոլարը – 475,56 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև