Հայաստանի և Ռուսաստանի գանձարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

27.10.2016 16:42
Հայաստանի և Ռուսաստանի գանձարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվել է  համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը` ռուսական պատվիրակության հետ գերատեսչության նախարար Վարդան Արամյանի հանդիպման արդյունքների հիման վրա:

Փաստաթուղթը ստորագրվել է նախօրեին` ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանի և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինի կողմից:

Հաղորդագրության համաձայն, հուշագրի նպատակն է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտում ՀՀ և ՌԴ գործնական կապերի փոխադարձ ընդլայնումն ու համագործակցության ապահովումը:

Փոխհամագործակցության շրջանակում նախատեսվում է կադրերի վերապատրաստում, փորձի փոխանակում, սեմինարների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և այլ համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում: Մասնավորապես, համատեղ աշխատանքներ կտարվեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացմանը միտված երկկողմ մոտեցումների մշակման, ինչպես նաև նշյալ ոլորտի տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության ուղղություններով: -0-

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև