Բորսայի նախագահ. պետք չէ խնայողությունները պահել միայն դեպոզիտներում

01.11.2016 14:30
Բորսայի նախագահ. պետք չէ խնայողությունները պահել միայն դեպոզիտներում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 31–ին քաղաքակիրթ աշխարհը նշում է Խնայողությունների միջազգային օրը։ Սկզբում այս տոնը նշվում էր` բանկերում գումար պահելու կարևորության նկատմամբ մարդկանց ուշադրությունը գրավելու համար։

Տոնի էությունն այն է, որ անկախ այդ օրվանից, լինի այն հանգստյան, թե աշխատանքային, բոլոր խնայողական բանկերը պետք է բաց լինեն այցելուների համար։ Այդ օրը կազմակերպվող տարատեսակ միջոցառումների նպատակն է իրազեկել բնակչությանը ֆինանսավարկային հաստատություններում միջոցներ խնայելու կարևորության և առավելությունների մասին` հասարակության կայուն զարգացման նպատակով։

Հայաստանում նույնպես ընդունված է տոնել Խնայողությունների օրը, ընդ որում ոչ միայն Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի, այլ նաև ողջ ֆինանսական հանրության կողմից։

Այս կապակցությամբ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը դիմել է NASDAQ OMX Armenia ֆոնդայի բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանին բնակչության համար խորհուրդներ ստանալու նպատակով, թե ինչպես կարելի է ճիշտ խնայել դրամական միջոցները։

Սարոյանը նախ խորհուրդ տվեց չֆիքսվել ավանդների վրա և դիտարկել նաև ներդրումներ կատարելու ուրիշ գործիքներ։

«Գոյություն ունեն ճիշտ խնայելու որոշակի ստանդարտներ կամ կանոններ։ Սակայն ներկայացնեմ խնայողությունների սեփական կանոնները», – ասաց նա։

Նրա խոսքով,  խնայողությունները կարելի է կառավարել երկու միջոցներով։ Այսպես, սեփական կապիտալը կառավարելու համար հարկավոր է դիմել հեղինակավոր և փորձառու կառավարողի, օրինակ` բանկին, ներդրումային ընկերությանը կամ այլ ֆինանսական հաստատությանը։»

«Դա ուղիղ և պարզ ճանապարհ է։ Այդ դեպքում կառավարողի վրա է դրվում որոշումների ընդունման ողջ պատասխանատվությունը, օրինակ` ուր և ինչպես ներդնել։ Ներդրողն այս դեպքում խնայում է ոչ միայն իր դրամական միջոցները, այլ նաև ժամանակը։ Իմաստ ունի դիմել խնայողությունների նման մեթոդի, եթե ունեք մեծ ծավալով խնայողություններ, օրինակ` 100 հազար ԱՄՆ դոլար», – պարզաբանեց նա։

Սարոյանի խոսքով, եթե մարդը խնայողությունները չի վստահում կառավարող ընկերությանը և բավականին ազատ ժամանակ ունի, իսկ կապիտալն այդքան էլ մեծ չէ, ապա նա ինքը կարող է դրանք կառավարել։

Բորսայի նախագահի խոսքով, նման ընտրության դեպքում հարկավոր է վերլուծել ողջ շուկան և ընտրել ներդրումներ կատարելու գործիքները։ Դա կարող են լինել պարտքային գործիքներ կամ գործիքներ` ֆիքսված եկամուտով, կան նաև գործիքներ, որոնց գինը կարող է փոխվել ժամանակի ընթացքում (բաժնետոմսեր)։

Եթե ներդրողն ընտրում է ֆիքսված եկամուտով գործիք, օրինակ` պարտատոմսեր և ավանդներ, ապա հարկավոր է հաշվի առնել նաև ռիսկն ու եկամտաբերությունը։

«Խորհուրդ եմ տալիս մեկ զամբյուղի մեջ չդնել բոլոր խնայողությունները։ Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խնայողությունների պորտֆելը` ըստ էմիտենտի պարտատոմսերի կամ բաժնետոմսերի դեպքում, և ըստ բանկի` ավանդների դեպքում», – ասաց նա։

Բորսայի նախագահի խոսքով, խնայողությունները հարկավոր չէ պահել մեկ արժույթով, կարելի է` դրամով և դոլարով։ Խորհուրդ է տրվում խնայողությունների մեծ մասը պահել դրամով, իսկ փոքր մասը` արտարժույթով, օրինակ 60/40 հարաբերակցությամբ։

«Փորձը ցույց է տալիս, որ դրամային խնայողությունները շատ արդյունավետ են։ Վերջին տասը տարում պետական պարտատոմսերը լավ եկամտաբերություն են գրանցել։ Այս կապակցությամբ դրամային պետական պարտատոմսերի եկամտաբերությունն ամբողջովին ծածկել է փոխարժեքի տատանումները», – նշեց նա։

Սարոյանը խորհուրդ տվեց ներդրումներ կատարել նաև օտարերկրյա արժեթղթերում` օգտագործելով բանկերը։ Նման կերպ հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել երկրի հետ կապված ռիսկը։

Եվ վերջում բորսայի ղեկավարը կրկին անգամ խորհուրդ տվեց Հայաստանի քաղաքացիներին ավելի ուշադիր դիտարկել պետական պարտատոմսերն ու կորպորատիվ արժեթղթերը։

«Այս ոլորտը բավականին մեծ աճ է գրանցում, գոյություն ունի գործիքների մեծ ընտրություն», – եզրափակեց նա։

ՀՀ ԿԲ–ի տվյալներով` հայկական առևտրային բանկերում ռեզիդենտների ավանդները վերջին 10 տարում ավելացել են 7,8 անգամ` 2016 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմելով 1 636,3 մլրդ դրամ կամ 3,4 մլրդ դոլար, որից 61,7 տոկոսը բաժին է հասնում արտարժույթին (հիմնականում ԱՄՆ դոլար)։ Դրամային ավանդների տոկոսադրույքները կազմում են 11–13 տոկոս, իսկ դոլարայիններինը` 5–7 տոկոս։ (2016 թ.–ի սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոսի գնանկում)։

NASDAQ OMX Armenia–ի բորսային տվյալներով, պետական պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը 2016 թ.–ի 9 ամսում կազմել է 22,3 մլրդ դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 7,4 մլրդ դրամի համեմատ։ Միաժամանակ կարճաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը (մինչև մեկ տարի ժամկետով) տատանվում է միջինը 7–1 տոկոսի սահմանում, կարճաժամկետներինը` 11–14 տոկոս, երկարաժամկետներինը` 14–16 տոկոս։

Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը 2016 թ.–ի երրորդ եռամսյակի վերջում կազմել է 973,8 մլն դրամ` 415,7 մլն դրամի համեմատ։ Կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը տատանվում է 8% -12%–ի սահմանում։–0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև