Հայաստանում 2017 թ.-ին տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել. նախարար

08.11.2016 16:06
Հայաստանում 2017 թ.-ին տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2017 թ.-ի տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել, նախօրեին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խորհրդարանական հանձնաժողովներում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

Նա հիշեցրել է, որ 2017թ.-ին, պետական բյուջեի նախագծի համաձայն, սպասվում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսանոց իրական աճ` 2,4 տոկոսանոց ցածր գնաճի դեպքում: Ընդ որում, աճը հիմնականում ապահովվելու է արդյունաբերության և գյուղատնտեսության հաշվին:

«Ներկա համաշխարհային տնտեսական և ֆինանսական պայմաններում տնտեսության 3,2 տոկոսանոց աճն արդեն բավական ռիսկային և լուրջ կանխատեսում է, սակայն մենք կարծում ենք, որ կառավարության կողմից նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականցման հաշվին հնարավոր կլինի բարձրացնել տվյալ ցուցանիշը», - ասել է Կարայանը` զերծ մնալով սպասվող ցուցանիշը բարձրաձայնելուց:

Պետական բյուջեի համաձայն, 2016 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով, իսկ 2017 թ.-ին` 3,2 տոկոսի: ՀԲ-ի վերջին կանխատեսման համաձայն, հանրապետության տնտեսական աճը 2016 թ.-ին կկազմի 1,9 տոկոս, ԱՄՀ-ն ևս կանխատեսում է 1,9 տոկոսի աճ, ՎԶԵԲ-ը` 2 տոկոս, Fitch–ը` մինչև 2 տոկոս, Moody’s–ը 2016 թ.–ին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ–ի աճի դանդաղում` մինչև 2,2 տոկոս։ ՀՀ ԿԲ–ն իր վերջին կանխատեսման մեջ Հայաստանի տնտեսության աճը 2016 թ.–ին գնահատում է 1,5–2,6 տոկոսի սահմանում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև