Մեքսիկական պեսոն նվազել է 12 տոկոսով

09.11.2016 13:14
Մեքսիկական պեսոն նվազել է 12 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի երեկոյան մեքսիկական պեսոն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է` հասնելով ռեկորդային ցածր մակարդակի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։

Ինչպես հաղորդում է Vestifinance.ru-ն, մեքսիկական արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 18,2 պեսոյից նվազել է մինչև 19,6-ի, երբ The New York Times-ի հաշվիչը ցույց է տվել, որ հանրապետականների թեկանծուի հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է: Ասիական առուվաճառքի մեկնարկից հետո պեսոն նվազել է 11,9 տոկոսով` հասնելով 20,5–ի:

«Արժույթի շուկաներում շոկ և խառնաշփոթ է տիրում: Մենք դեռևս ցավագին հիշողություններ ունենք` կապված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ. ոչ ոք մինչև վերջ համոզված չէ, թե որտեղ է հատակն այս պահին, ուստի մասնակիցների մեծ մասը հետևում է «սկզբից վաճառում ենք, հետո` հարցեր տալիս» սկզբունքին», - նշել է Cambridge Global Payments-ի բորսաների հետազոտությունների և ռազմավարության բաժնի տնօրեն Կարլ Շամոտտան:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում։

Politico հրատարակությունը հաղորդում է, որ Թրամփը հավաքեց ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը, իսկ Հիլարի Քլինթոնը` 218 անդամների ձայնը։ Հանրապետականի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, Քլինթոնի օգտին` 55,8 մլն։

Վերջինը Վիսկոնսին և Միչիգան նահանգներում Թրամփի հաղթանակի մասին տվյալներն էին։ Մի շարք նահանգներում, սակայն, ձայների հաշվարկը չի ավարտվել, բայց դա չի ազդի ընտրությունների արդյունքների վրա։–0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև