Այդ անկոտրում Կամոն

10.11.2016 18:21
Այդ անկոտրում Կամոն

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղի բնակիչ Կամո Խաչատրյանն անկոտրում կամքի տեր մարդու համբավ ունի:

Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել մինչև հասել է այն աստիճանի, որ շատերի համար ընդօրինակման կերպար Է դարձել: Այդ մարդը ոչ մի հրաշք չի գործել, ոչ էլ տնամերձ այգում ապուպապերի թաղած ոսկու կճուճ է գտել: Ոչ: Նա պարզապես աշխատել է, ընդ որում՝ չի խորշել ոչ մի աշխատանքից: Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ժողովրդի լեզվով ասած՝ «խոպանչի» է եղել: Հազարավոր իր հայրենակիցների պես` Կամո Խաչատրյանը միամտաբար հավատացել է, թե այնտեղ՝ «խոպանում», կարող է փող կուտակել:

1993 թվականին Կամո Խաչատրյանը համոզվեց, որ «խոպաններում» կարելի է միայն հանապազօրյա հաց վաստակել և մի կերպ հոգալ ընտանիքի հոգսերը: Վերադարձավ. ապրել էր պետք: Մարդիկ հողի կամ անասունների տեր են դարձել: Կամոն դիմեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և վարկ վերցրեց:

Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ մինչ այդ նա կարողացել էր որոշակի քանակությամբ խոզեր գնել: Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, Կամոն չկարողացավ խոզերի հետ «լեզու գտնել» և հրաժարվեց մարդկանց ամանորյա սեղանի համար խոզի բդեր կամ մատղաշ գոճիներ մատակարարելու մտքից և անցավ խոշոր եղջերավոր անասունների խնամքին: Հենց դրա համար էլ նա օգտագործեց բանկից վերցրած միջոցները:

Կամոն չի էլ հիշում, թե բանկից վերցրած վարկով քանի գլուխ անասուն գնեց: Միայն հիշում է, որ դրանք տեղական ցեղի էին, որոնք ավելի լավ էին հարմարվում գյուղի պայմաններին:

Հետագայում, երբ Կամոն հմուտ անասնապահի համբավ ձեռք բերեց, սկսեց ավելացնել իր անասունների գլխաքանակը: Գիտեր, որ պակաս եկամտաբեր չեն նաև ոչխարները:

Այսօր Կամո Խաչատրյանի ֆերման բավականին կայունացած տնտեսություն է, ունի 90 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 45-ը կթու կովեր են, 18-ը՝ ցուլ, մնացածը՝ հորթ կամ երինջ: Նա պահում է նաև 30 մայր խոզ, 50 ոչխար՝ իրենց 30 գառով:

Կամո Խաչատրյանը նաև աշխատատեղեր է ստեղծել: Նրա ընտանեկան ֆերմայում աշխատում են ոչ միայն կինն ու երկու որդիները, այլև` մեկ տասնյակի չափ համագյուղացիներ՝ կթվորուհիներ ու հովիվներ:

Կամոն իր 50 հեկտար հողատարածությունից միայն 18 հեկտարն է օգտագործում որպես վարելահող, որտեղ ցանում է հացահատիկ, իսկ մնացած հողերը խոտհարքներ են, որտեղից էլ նա ստանում է իր մեծաքանակ անասունների ձմեռային կերը:

Այսօր Կամո Խաչատրյանը մտադիր է էլ ավելի մեծացնել անասունների գլխաքանակը: Դրա համար էլ նա մտադիր է կրկին դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, որի երկարամյա հաճախորդն է:

Այս պատմությունը լսելուց հետո չկարծեք, թե Կամո Խաչատրյանի կյանքում դժվարություններ չեն եղել: Ընդամենը երկու տարի առաջ նա ստիպված էր վարակված 170 խոզ ոչնչացնել: Իսկ դա, հավատացնում եմ, ում ասես թևաթափ կաներ: Բայց ոչ Կամո Խաչատրյանին:

Կամոն չընկճվեց, պարզապես սկսեց ավելի եռանդուն աշխատել և շատ շուտով կարողացավ զրոյացնել հասցված վնասը: Նորից նրան ձեռք մեկնեց իր երկարամյա գործընկեր դրամատունը:

… Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղում ապրում է Կամո Խաչատրյան անունով մի մարդ, ով գիտի աշխատել, արարել ու լավատեսորեն նայել կյանքին . . . -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև