Կարեն Կարապետյանին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը

22.11.2016 17:28
Կարեն Կարապետյանին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կարեն Կարապետյանի մասին ակնարկը պատրաստելիս վերհիշեցի «Արմենպրես»-ի լուսահոգի լրագրող Գոհար Իսախանյանի` 2012թ. հունիսի 26-ի թղթակցությունը. «Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված «Սևելիանո» և «Ասկոլանա» 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կ. Կարապետյանը…»:

Այսօր արդեն մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց ձիթապտուղ աճեցնելու գաղափարը, Կարապետյանն ասաց, որ այն իրեն հուշել է եղբայրը, ով հանրագիտարանից տեղեկացել է, թե ինչպիսի կլիմայական պայմաններում է աճում այդ համեղ ու սննդարար պտուղը:

Եվ եղբայրները ռիսկի են դիմում: 2002 թվականին տնկում են մի քանի տասնյակ ծառ: Պարզապես փորձի համար: Տնկիները լավ աճում են, փարթամանում, դառնում մարդահասակ: Բայց... ցրտահարությունն իր չար գործն է անում: Կարենը չի ընկճվում: Իր իսկ խոստովանությամբ, եթե մեկ ուրիշը լիներ, կհրաժարվեր այդ գաղափարից:  Իսկ ինքը՝ ոչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի օգնությամբ՝ կարճ  ժամանակ անց բերում է 7500 տնկի: 300 հատը իսկույն բաժանում է ընկերներին և պարզապես անծանոթ մարդկանց: Ընդ որում, գյուղապետարանում տեղի ունեցած ժողովի ժամանակ: Իմ այն հարցին, թե ի՞նչու նաև անծանոթ մարդկանց, Կարենը պատասխանում է.

-Որպեսզի չգողանան...

Հիմա մոտ 4000-ը ծառ են դարձել և բերք են տալիս: Անցած տարի Կարեն Կարապետյանը 5-6 տոննա բերք ստացավ: Իսկ դրանից առաջ, 2013 թվականին, երբ ցրտահարություն չէր եղել, Կարենենց բերքը գերազանցեց տասը տոննան: Այս տարի հույս ունի ստանալ 30-40 տոննա բերք: Դե, ծառերն աճում են, փարթամանում. կան ծառեր, որ տարեկան 70 կիլոգրամ բերք են տալիս:

Բերքը ցրտահարությունից փրկելը, ապա հավաքելը դեռ գործի մի մասն է: Այն պետք է վերամշակել, հասցնել սպառողին: Այդ մասին էլ է հոգացել ֆերմերը: Հարազատ գյուղում նա հիմնադրել է ձիթապտղի վերամշակման արտադրամաս: Մշակումը տևում է 15 օր: Կարենը հանգամանորեն նկարագրում է պտղի վերամշակման ողջ տեխնոլոգիան:

Չնայած ստացված էկոլոգիապես մաքուր բերքին՝ Կարապետյանն այն իրացնելու խնդիր ուներ: Չորս տարի առաջ ֆերմերն ասում էր. «Առայժմ ստացված բերքը էժան գնով` կիլոգրամը 1200 դրամով, ստիպված եմ լինում տալ  վերավաճառողներին: Հայաստանում դեռևս դժվար է նորմալ գնով ձիթապտուղ իրացնելը»:  Իսկ հիմա մեղրեցի ֆերմերն արդեն ունի իր սպառողը: Նա մի տեսակ հպարտությամբ  է ասում, որ իր սպառողների մեջ կան սիրիահայեր, ովքեր ձիթապտղի օգտագործման տարիների ավանդույթ ունեն: Ոմանք նաև խոստովանում են, որ Լեհվազի փոքրիկ արտադրամասում վերամշակված ձիթապտուղն ավելի համեղ է, քան «գործարանային» արտադրանքը:  Նման խոսքերից հետո մարդ հպարտանում է և ցանկություն ունենում զարգացնել տնտեսությունը:

… Կարեն Կարապետյանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ վարկ է վերցրել 2002 թվականին՝ իր այգին հիմնելու համար: Բանկը հաշվի էր առել ֆերմերի ներդրման առանձնահատկությունը և արել հնարավորը, որպեսզի վարկի մարման սխեման դյուրին լինի Կարենի համար: Այս հանգամանքը մեծապես նպաստել է, որ ֆերմերն առավելապես կենտրոնանա իր գործի հաջողության վրա:

Վերջում ասենք, որ եղբայրներին օգնում են նաև իրենց 21 և 25 տարեկան որդիները

Խոսեցինք նաև խնդիրներից: Կարեն Կարապետյանին, և  ոչ միայն նրան, մտահոգում է ոռոգման հարցը: Նախ, եթե ջուր տալիս են, ապա բավականին թանկ՝ ժամում 1300 դրամ վճարով: Իսկ դա մատչելի չէ շատերին: Կարապետյան եղբայրները մոտ կես կիլոմետր ջրագիծ են անցկացրել սարն ի վեր, այն էլ գետնի տակով: Ուզում են կաթիլային համակարգ տեղադրել: Սովորության համաձայն դեռևս ուսումնասիրում են ոռոգման նորագույն տեխնոլոգիաները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև