ՀՀ ԿԲ–ն նախնական հավանություն է տվել Արդշինբանկի և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի միացման պայմանագրի կնքմանը

25.11.2016 20:07
ՀՀ ԿԲ–ն նախնական հավանություն է տվել Արդշինբանկի և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի միացման պայմանագրի կնքմանը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախնական հավանությունը «Արդշինբանկ» ՓԲԸ–ի և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը: Ինչպես նշվում է երկու բանկերի համատեղ մամուլի հաղորդագրության մեջ, ԿԲ–ն նման որոշում է ընդունել 2016 թ.–ի նոյեմբերի 22–ին։

Ըստ հաղորդագրության, նշված գործարքի կնքումից հետո «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ն կմիանա «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որի արդյունքում «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ի որպես առանձին իրավաբանական անձի գործունեությունը կդադարի, և նրա բոլոր իրավունքներն ու պարտականությունները կանցնեն պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Միացյալ բանկը շուկայում հանդես կգա Արդշինբանկ բրենդի ներքո:

«Այս փուլում Արդշինբանկի և Առեքսիմբանկի բոլոր մասնաճյուղերի գործունեության վայրերը և հաղորդակցման միջոցները անփոփոխ են և տեղադրված են համապատասխանաբար ardshinbank.am և areximbank.am ինտերնետային կայքերում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արդշինբանկի և Առեքսիմբանկի հաճախորդները սպասարկվում են բնականոն կերպով` կնքված պայմանագրերի շրջանակում, որոնք կարող են լուծվել` պահպանելով պայմանագրերով նախատեսված կարգը և ժամկետները:

Միացման արդյունքում Արդշինբանկը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով։ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից:

Բանկերի միացումը թույլ կտա միավորել ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը և զգալիորեն կընդլայնի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բիզնեսի ոլորտում։–0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև