ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 1,3–1,8 տոկոս

28.11.2016 15:22
ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 1,3–1,8 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն, 2016 թ.–ի արդյունքներով, նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` 2,8–3,4 տոկոսից հասցնելով 1,3–1,8 տոկոսի։

Այս մասին նշվում է 2016 թ.–ի չորրորդ եռամսյակի արդյունքներով դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա կազմված Գնաճի հաշվետվությունում։

«2016 թ.–ի տնտեսական աճի ԿԲ կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ` հիմնականում պայմանավորված երկրորդ եռամսյակում սպասվածի համեմատ արձանագրված ավելի ցածր տնտեսական աճով, երրորդ եռամսյակում առևտրի շրջանառության ցածր ծավալների պահպանմամբ, ինչպես նաև գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում թողարկման ծավալների նվազման ռիսկերի դրսևորմամբ», – նշվում է հաշվետվության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ 2016 թ.–ին ակնկալվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների նվազման տեմպերի էական դանդաղում։ Մասնավոր տրանսֆերտները դեռևս կրճատողական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա, որը կմեղմվի 2015–2016 թվականներին իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ և տնտեսությունում առկա գնանկումային միջավայրով։ Այս պայմաններում տարվա համար ակնկալվում է ներքին պահանջարկի 0,4 տոկոսանոց աճ, որի պարագայում վերջինիս մակարդակը դեռևս ցածր կլինի իր հավասարակշռից։

Այսպիսով, թույլ ներքին պահանջարկի պահպանման պայմաններում 2016 թ.–ին տնտեսական աճին հիմնականում կնպաստի զուտ արտահանումը։

Հաշվետվության տվյալներով, 2016 թ.–ին ՀՀ ԿԲ–ն արդյունաբերության ոլորտում կանխատեսում է ավելացված արժեքի 5,5-6,1 տոկոսանոց աճ, ծառայությունների ոլորտում` 2,2-2,6% տոկոսանոց աճ։

Միաժամանակ, 2016 թ.–ին ավելացված արժեքի անկում կգրանցվի շինարարության ոլորտում` 1,8-2,6 տոկոսով, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում` 0,7-0,1 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, ՀՆԱ–ի աճը Հայաստանում 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով։ –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև