ԿԲ. սեպտեմբերին Հայաստանի բանկերի դրամային դեպոզիտները 12 ամսում աճել են 28.7%–ով, իսկ արտարժույթով` 12%–ով

06.12.2016 16:59
ԿԲ. սեպտեմբերին Հայաստանի բանկերի դրամային դեպոզիտները 12 ամսում աճել են 28.7%–ով, իսկ արտարժույթով` 12%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ի սեպտեմբերին դրամային դեպոզիտների 12–ամսյա աճը կազմել է 28,7 տոկոս, իսկ արտարժույթով դեպոզիտներինը` 12 տոկոս: Այդ մասին է վկայում «Գնաճի վերաբերյալ հաշվետվությունը» (2016 թ.-ի IV եռամսյակի գումարա-վարկային ծրագիր. 2016 թ.-ի III եռամսյակի ԳՎԾ-ի նախագծի իրականացման հաշվետվություն):

«Դրամային դեպոզիտների առաջ անցնող աճը պայմանավորված է գնաճային սպասումների կրճատմամբ, ինչը, իր հերթին, հանգեցրել է դոլարականացման 12 ամսվա մակարդակի կրճատման` 2 տ.կ.-ով», - նշվում է հաշվետվության մեջ:

Միաժամանակ, ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը 2016 թ.–ի երրորդ եռամսյակում, կապիտալի համալրման հաշվին առևտրային բանկերի լիկվիդայնության ավելացումը, ինչպես նաև ֆինանսական շուկայում տոկոսադրույքների կրճատումը մեծ ազդեցություն են ունեցել նաև առևտրային բանկերի կողմից տրամադրվող և ներգրավվող միջոցների տոկոսադրույքների մեծության վրա։

Այսպես, ԿԲ–ի տվյալներով, այս տարվա երրորդ եռամսյակում նկատվում է վարկավորման գրեթե բոլոր տեսակների տոկոսադրույքների նվազում, միաժամանակ 2016 թ.–ի սեպտեմբերին վարկավորման ծավալի ընդհանուր ցուցանիշը 12 ամսում կազմել է 4,1 տոկոս։

ՀՀ ԿԲ–ն 2016 թ.–ի սկզբից արդեն 6–րդ անգամ նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այսպես, փետրվարին տոկոսադրույքը նվազել է` 8,75 տոկոսից դառնալով 8,5 տոկոս, մարտին` 8,25 տոկոս, մայիսին` 7,75 տոկոս, հունիսին` 7,5 տոկոս, օգոստոսին` 7,25 տոկոս, սեպտեմբերին` 6,75 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև