Անելիք Բանկը թողարկում է 6.5% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

13.12.2016 19:37
Անելիք Բանկը թողարկում է 6.5% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իր պատմության մեջ առաջին անգամ Անելիք Բանկը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` ԱՄՆ դոլարով և 6.5% տարեկան եկամտաբերությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:

«Ավանդների հետ մեկտեղ, պարտատոմսերը հանդիսանում են ներդրումներն ապահովելու և ինֆլյացիայից պաշտպանելու տարածված գործիք: Ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով, - նշել է Անելիք Բանկի Գործադիր Տնօրեն Ներսես Կարամանուկյանն ու ավելացրել է, որ կարևոր փաստէ նաև այն, որ Հայաստանում պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմադրամի կողմից` նույն ծավալներով։

Արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար:

Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք` Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից յուրաքանչյուրում` Երևանում ու մարզերում:

Թողարկման ավարտից հետո պարտատոմսեր ձեռքբերողների միջև կանցկացվի խաղարկություն, որը հնարավորություն կտա շահելու 2 հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի եվրոպական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը՝ Լոնդոն կամ Ֆրանկֆուրտ, ըստ հաղթողի ցանկության:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։

2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել ` դառնալով 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD` 59,7 տոկոս և «CreditBank S.A.L.»` 40,3 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև