«Յունիբանկը» բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

14.12.2016 11:40
«Յունիբանկը» բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկի» Խորհուրդը 2016թ.-ի դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է ընդունել բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ/ բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 13% տարեկան եկամտաբերությանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս որոշումն ընդունվեց` ելնելով «Յունիբանկի» արձանագրած բարձր ցուցանիշներից, կայուն ֆինանսական վիճակից և զարգացման ռազմավարությունից:

Շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ ՀՀ դրամը:

Շահութաբաժինները կվճարվեն սովորական բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք 2016 թ.–ի նոյեմբերի 28–ի դրությամբ ընդգրկված են բանկի բաժնետերերի ռեեստրում: Բաժնետոմսերի տեսքով շահութաբաժինների վճարման համար բանկը կիրականացնի սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Դրա հետ կապված 2017թ.-ի հունվարի 17-ին կգումարվի «Յունիբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` հեռակա քվեարկության կարգով:

Բանկից նաև հաղորդում են, որ 2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Հաշվետու ժամանակահատվածում բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը:

«Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, որը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում և ցուցակեց դրանք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

Թողարկելով բաժնետոմսեր, «Յունիբանկը» շարունակում է ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ: Կայուն և վստահելի բանկի բաժնետոմսը հասարակության համար խնայողությունների ներդրման համար ևս մեկ երկարաժամկետ և շահավետ հնարավորություն է: Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, «Յունիբանկը» մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այդ կապակցությամբ «Յունիբանկում» առանձնակի ուշադրություն է հատկացվում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

Շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթը www.unibank.am կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» էջում հրապարակվել է 2016 թ.–ի դեկտեմբերի 13–ին:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև