ՎԶԵԲ–ը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կանանց ձեռներեցության և ՓՄՁ աջակցությանն ուղղված վարկային պայմանագիր են ստորագրել

15.12.2016 20:54
ՎԶԵԲ–ը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կանանց ձեռներեցության և ՓՄՁ աջակցությանն ուղղված վարկային պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ՀՀ դրամով, հայտնում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այդ միջոցները կաջակցեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը, հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին:

5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը հետագա վարկերի տեսքով կտրամադրվի կենսունակ և զարգացող ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, մնում է սահմանափակ:

Բացի այդ, ծրագիրը կաջակցի Հայաստանում կանանց ձեռներեցությանը՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին բիզնեսներին տրամադրելով հետագա վարկեր 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է, և ունի գերիշխող դիրք մասնավորապես գյուղատնտեսության և ՄՓՄՁ-ների վարկավորման բնագավառում: Նրա ընդարձակ ցանցը՝ 57 մասնաճյուղ Հայաստանի բոլոր մարզերում, թույլ է տալիս ամբողջ երկրում հասանելի լինել բազմաթիվ պոտենցիալ հաճախորդների համար:

ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է`  ամրապնդելու կանանց դերը տնտեսության մեջ, և մինչ օրս հաջողությամբ իրականացվել է աշխարհի 25 երկրներում, որտեղ Բանկը ներդնումներ է իրականացնում: Այն ապահովում է ֆինանսավորման հասանելիությունը՝ տեղական բանկերին վարկային գծերի միջոցով, ինչպես նաև կին ձեռներեցներին և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին բիզնես խորհրդատվություն, ուսուցում և աջակցություն տրամադրելու միջոցով:

Ծրագիրը համատեղում է ֆինանսավորում, տեխնիկական օժանդակություն, տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցում՝ առաջին կորուստը ծածկելու ձևաչափով, և խորհրդատվություն բիզնեսներին՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին օժանդակելու նպատակով:

Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևվիսն նշել է, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը ՎԶԵԲ-ի բազմամյա հաճախորդն է, և իրենք տարիների ընթացքում համագործակցել ենք բազմաթիվ ծրագրերի շրջանակներում: «Սա ևս մեկ ծրագիր է, որը կարող է մեզ օգնել ձեռք մեկնել բիզնեսներին մարզերում՝ շնորհիվ ԱԿԲԱ բանկի ակտիվ գործունեությանը գյուղական շրջաններում»,– ընդգծել է նա։

ՎԶԵԲ-ը մտադիր է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը փոքր բիզնեսների և կին ձեռներեցների համար, հատկապես տեղական արժույթով: Մենք համոզված ենք, որ այս վարկը հաջողությամբ հասանելի կդառնա նոր ընկերությունների համար Հայաստանի բոլոր անկյուններում»: «Մենք շատ ենք կարևորում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ՎԶԵԲ-ին համարում ենք մեր ստրատեգիական կարևորագույն գործընկերներից մեկը: Կնքվող վարկային պայմանագիրը, որի միջոցները մենք ուղղելու ենք ինչպես կանանց ձեռներեցության աջակցմանը, այնպես էլ այլ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, թույլ կտա ավելի մեծացնել նշված ուղղություններում մեր կողմից իրականացվող ներդրումները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը և ՎԶԵԲ–ն արդեն իսկ կնքել են ավելի քան 10 պայմանագիր: Համոզված եմ, որ հետագայում նույնպես ունենալու ենք արդյունավետ համագործակցություն»,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հայաստանի Հանրապետությունում 1992թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.11 մլրդ եվրո 153 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև