«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձել է NASDAQ OMX Armenia բորսայի 2016 թ.-ի լավագույն անդամ

06.02.2017 17:34
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձել է NASDAQ OMX Armenia բորսայի 2016 թ.-ի լավագույն անդամ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձել է «Բորսայի լավագույն անդամ 2016»` ըստ NASDAQ OMX Armenia-ի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, օրերս տեղի է ունեցել NASDAQ OMX Armenia-ի «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, և հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «NASDAQ OMX Armenia հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը և արդյունավետությունը:

NASDAQ OMX Armenia-ի «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված է եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկ մասնակից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» և գլխավոր մրցանակ - «Բորսայի լավագույն անդամ»:

Անցած տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» և «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգերում:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև