Անելիք բանկը թողարկել է 5 մլն դոլարի դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշը

03.03.2017 15:18
Անելիք բանկը թողարկել է 5 մլն դոլարի դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը երկրորդ անգամ թողարկել է 5 մլն դոլար ծավալի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Անելիք Բանկը երկրորդ անգամ թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` ԱՄՆ դոլարով և 6.25% տարեկան եկամտաբերությամբ:

Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք` Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից յուրաքանչյուրում` Երևանում ու մարզերում:

«Անելիք Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ճկուն ներդրումային գործարքներ: Իսկ պարտատոմսերը հանդիսանում են ներդրումներն ապահովելու և ինֆլյացիայից պաշտպանելու հարմար ու աշխարհում տարածված գործիք», - նշեց Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Բանկն առաջին անգամ իր պատմության մեջ թողարկեց անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք նշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել են:

Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով:

Պարտատոմսեր ձեռքբերած հաճախորդներին Անելիք Բանկն առաջարկում է մի շարք առավելություններ` ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով արդեն հաստատված վարկային սահմանաչափ, SWIFT փոխանցումների համար սահմանված սակագներից 25% չափով զեղչ, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն ու բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։

Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» անդամ է դարձել 2008 թ.–ի հունվարի 31–ին։–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև