Ամերիաբանկի` 15 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

20.04.2017 12:55
Ամերիաբանկի` 15 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. « Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են NASDAQ OMX Արմենիա բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը

Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Հաղորդագրության համաձայն, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 150,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.6% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB24ER7) բորսայում կշրջանառվեն AMRBB4 բորսայական հապավմամբ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ($1 - 486,74 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև