«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

04.05.2017 18:24
«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն այսօր հուշագիր են ստորագրել` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ իրենք հիմա բանակցություններ են վարում նաև այլ կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների թիվն ավելանա:

«Շուկան բաց է, և որքան շատ լինեն մատակարարներն ու ֆինանսական կառույցները, այդքան ավելի մատչելի կլինի մեր գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների և կոոպերատիվների համար տեխնիկայի ձեռքբերումը», - ասել է նա:

«ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն իր հերթին նշել է, որ այս հուշագիրը ֆերմերներին հնարավորություն կընձեռի գյուղտեխնիկա ձեռք բերել աննախադեպ պայմաններով և հիմք կհանդիսանա իրենց բիզնեսի ընդլայնման համար:

«Վաղվանից ֆերմերներն արդեն կարող են մեզ դիմել, առավելագույնս օպերատիվ և արագ կփորձենք արձագանքել բոլոր հայտերին», - հավելել է նա:

ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը տեղեկացրել է, որ մեծ է նաև գյուղատնտեսական գործիքների պահանջարկը:

Հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

«ԱԳԲԱ Լիզինգը» 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:

«ԱԳԲԱ Լիզինգը» Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով: ​​

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև