Հայաստանում գործարկվել է պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի և հետգնման առցանց համակարգը

10.05.2017 15:51
Հայաստանում գործարկվել է պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի և հետգնման առցանց համակարգը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. 2017թ. ապրիլի 25-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան գործարկել է պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման գործընթացի սպասարկման առցանց (on-line) համակարգը, որի շնորհիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանում առցանց եղանակով պետական պարտատոմսեր ձեռքբերել անմիջապես պետությունից՝ առանց որևէ գրասենյակ այցելության, հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, համակարգը գործարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառու համակարգի հետ համագործակցության շրջանակում:

Ունենալով ID քարտ և անվճար գրանցվելով www.gp.minfin.am կայքում՝ ֆիզիկական անձինք կկարողանան ներդրումներ կատարել ոչ միայն գանձապետական խնայողական և կարճաժամկետ պարտատոմսերում, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերում, որոնցում կատարված ներդրումներից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից:

Առցանց (on-line) համակարգին զուգահեռ շարունակում են գործել ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերը, որտեղ ներդրողները կարող են ստանալ առցանց համակարգի կողմից առաջարկվող ծառայություններն, ինչպես նաև գրանցվել առցանց համակարգում, եթե չունեն ID քարտ:

Շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացված համակարգի ՝ ներդրողը պարտատոմսի դիմաց վճարումն իրականացնում է անձամբ՝ իր պլաստիկ քարտի միջոցով: Համակարգում գրանցումը և գործարքների կատարումն անվճար է. առկա է միայն դրամական միջոցների էլեկտրոնային փոխանցման միջնորդավճար:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև