ԿԶԵՀ–ի ֆինանսավորումը Հայաստանում կազմում է 490 մլն դոլար

20.06.2017 20:08
ԿԶԵՀ–ի ֆինանսավորումը Հայաստանում կազմում է 490 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) կողմից Հայաստանի ֆինանսավորումն այսօր կազմում է 490 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի նախագծային խմբի տնօրեն Ալեքսեյ Չերեկաևը։

Նրա խոսքով, արդեն ստորագրվել և գործում են բյուջետային աջակցության համաձայնագիրը (300 մլն դոլար), «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի շինարարության համաձայնագիրը (150 մլն դոլար) և ոռոգման նախագիծը (40 մլն դոլար)։ Դիտարկման փուլում է նաև Մաստարա ջրամբարի կառուցման նախագիծը (40 մլն դոլար)։

«Հաշվի առնելով, որ հիմա հիմնադրամի ռեսուրսների նկատմամբ Հայաստանի հասանելիության սահմանաչափը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար` մենք պատրաստ ենք քննարկել նոր նախագծեր վերը նշված ոլորտներում», – ասաց նա։

Միաժամանակ նա նշեց, որ լրացուցիչ ֆինանսավորման հարցն առաջին հերթին կապված է Հայաստանի պարտքային կայունության և երկրում գործող բյուջետային կանոնի հետ։

«Հիմա Հայաստանում, ինչպես հայտնի է, բավականին բարդ պարտքային իրավիճակ է, իսկ հիմնադրամի տրամադրած բոլոր վարկերը սուվերեն են, այսինքն` դրանք «ընկնում են» արտաքին պարտքի վրա։ Այդ պատճառով եթե իրավիճակը փոքր–ինչ փոխվի և պարտքային բեռը թեթևանա, նոր նախագծերի դիտարկման գործընթացն ավելի արագ կընթանա», – նշեց նա։

ԿԶԵՀ–ի տնօրենը եզրափակեց, որ չնայած հիմնադրամի կառուցվածքն ընդհանուր առմամբ այնպիսի է, որ կառավարությունը տրամադրում է նախագծեր, հիմնադրամի խորհուրդը քննարկում է և եթե ընդունում է, որ այն համապատասխանում է հիմնադրամի առաջնահերթություններին և մանդատին, ապա ընդունվում է դրա ֆինանսավորման առաջարկը։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (8,513 մլրդ դոլար) հիմնադրվել է 2009 թ.–ի հունիսի 9–ին Հայստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից։ ԿԶԵՀ–ի նպատակն է աջակցել մասնակից երկրներին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովման, տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին աջակցելու հարցում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև