E5P-ը 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին` նոր աղբավայրի կառուցման համար

30.06.2017 18:12
E5P-ը 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին` նոր աղբավայրի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը կհամաֆինանսավորի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայր կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ: Այս մասին հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:

ՎԶԵԲ-ը, որը կառավարում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամը, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն այսօր ստորագրել են համապատասխան համաձայնագիրը: Դրամաշնորհի միջոցները կաջակցեն կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներ կիրառող նոր աղբավայրի կառուցմանը, որը ներառում է մունիցիպալ կոշտ թափոնների հավաքումը և հեռացումը: Այն տեղական բնակիչներին կբերի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ:

Ծրագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2014թ. դեկտեմբերին, երբ ՎԶԵԲ-ը 3,5 մլն եվրո գումարի չափով վարկ էր հատկացրել, որն իր հերթին համալրվել էր ԵՄ հարևանության ներդրումային գործիքի կողմից 3,5 մլն եվրո դրամաշնորհով: ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների կառավարման համակարգը կներառի 8 համայնք, որոնցից 7-ը՝ Կոտայքի մարզում և 1-ը՝ Գեղարքունիքի մարզում:

Ծրագիրն ընդլայնվեց 2016 թվականին` ՎԶԵԲ-ից ստանալով լրացուցիչ սուվերեն վարկ 2 մլն եվրո գումարի չափով: Ներկայումս այն ընդգրկում է Կոտայքի մարզի բոլոր 7 համայնքները` Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի բոլոր 5 համայնքները` Սևան, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ: Սա ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում, և այն աջակցում է երկրի կառավարության ծրագրերին, որոնց նպատակն է. թափոնների կառավարման համակարգի արդիականացումը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը:

E5P հիմնադրամի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո դրամաշնորհը կհամալրի ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո գումարի չափով վարկը և կհամաֆինանսավորի փոխանցման կայանները, թափոնները հավաքող ու տեղափոխող բեռնատարները, թափոնների բեռնարկղերը և այլ մասնագիտացված սարքավորումները:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն եվրո: E5P-ն ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող միջազգային հիմնադրամ է: ԵՄ-ն խոշորագույն դոնորն է, Հայաստանը նույնպես հանդիսանում է հիմնադրամի ներդրող:

«Մենք շատ շնորհակալ ենք E5P հիմնադրամի դոնորներին` հատկապես Եվրամիությանը և Շվեդիային, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը և տեղական համայնքներին մեր հաջողված համագործակցության համար: E5P հիմնադրամի դրամաշնորհը շատ կարևոր ներդրում է այս ծրագրի համար, որը կհանգեցնի թափոնների կառավարման ենթակառուցվածքներում այդքան անհրաժեշտ բարելավումների: Այն կհամալրի ՎԶԵԲ-ի վարկային ֆինանսավորումը և կապահովի ծրագրի հաջող շարունակությունը և ավարտը»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը:

«Ծրագիրը բնակիչների և շրջակա միջավայրի համար զգալի առավելություններ կստեղծի, ուժեղ ազդեցություն կունենա՝ ի ցույց դնելով նվաճումները, և կօգնի էլ ավելի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը աղբը փողոցում չնետելու և վերամշակելու առավելությունների մասին»,-ասել է ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը:

«Եվրամիությունը E5P հիմնադրամի հիմնական ներդրողն է: Այս ծրագիրը ավելի մեծ աջակցության մի մասն է, որը ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է թափոնների կառավարման ոլորտում: Առ այսօր մենք 22,4 մլն եվրո ենք տրամադրել դրամաշնորհների տեսքով, որոնք վերադարձի ենթակա չեն, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ-ն կարևորում է երկրի բնապահպանական խնդիրները: Մեր աջակցությունը տրամադրվում է Կոտայքում, Երևանում և Վանաձորում 5 տարբեր ծրագրերի միջոցով, քանի որ մենք համաֆինանսավորում ենք այնպիսի գործընկերների հետ միասին, ինչպիսիք են ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն և KfW-ն»,- ընդգծել է Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում ներդրել է 1.1 մլրդ եվրո 158 ծրագրում, ընդ որում այդ ներդրումների 88% -ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: E5P- ի վերաբերյալ տեղեկություններ E5P-ն Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող բազմաֆունկցիոնալ հիմնադրամ է: Եվրոպական միությունը (ԵՄ) E5P-ի ամենախոշոր ներդրողն է` 70 միլիոն եվրո նվիրատվությամբ: Հայաստանում E5P-ի համար Եվրամիությունը 10 մլն եվրո է հատկացրել, որին համալրում են լրացուցիչ ներդրումներ Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Լիտվայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Շվեդիայից և Թայվան Բիզնես ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամից: Խոստացված միջոցները պետք է օգնեն Հայաստանին բարելավել էներգաարդյունավետությունը, նպաստելով էներգետիկ անվտանգությանը և տնտեսական մրցունակությանը, քաղաքականության վերաբերյալ երկխոսությանը՝ միևնույն ժամանակ դրական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա: Հայաստանը նույնպես E5P հիմնադրամի ներդրող է և հատկացրել է 1 միլիոն եվրո:

Նախաձեռնության հիմնական նպատակն է. օգտագործել դրամաշնորհները՝ լծակներ ստեղծելու ՄՖԿ վարկերի նկատմամբ մունիցիպալ էներգաարդյունավետության և բնապահպանական ծրագրերում, օրինակ` ջրի և կեղտաջրերի համակարգերի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության և հասարակական շենքերի ջերմամեկուսացման ծրագրերում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև