Հայաստանը 8.25 մլն դոլարի դրամաշնորհ կստանա KfW բանկից

03.07.2017 12:36
Հայաստանը 8.25 մլն դոլարի դրամաշնորհ կստանա KfW բանկից

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գերմանական KfW բանկը 8.25 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակում  ««Շիկահող» պետական արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագրի» իրականացման համար:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, ծրագրի իրականացմանն աջակցության համաձայնագիրն այսօր կայացած հանդիպման ընթացքում ստորագրել են նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում իր առաքելությունն ավարտող KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի նախկին ղեկավար Անդրեաս Վայցելը:

Նախարար Ա. Մինասյանը ՀՀ բնապահպանության բնագավառում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Էներգիայի և բնական ռեսուրսների ծրագրերի ավագ կառավարիչ Անդրեաս Վայցելին շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:

ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով Անդրեաս Վայցելին Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության համար, նշել է, որ նա իր անձնական ներդրման շնորհիվ ծրագրերի մեկնարկի այնպիսի հիմքեր է ձևավորել, որոնք միանշանակ ապահովելու են դրական արդյունքներ:

Ա. Մինասյանը նաև ողջունել է ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքները ոչ միայն արդյունավետ, այլև օրինակելի կլինեն շատերի համար:

Անդրեաս Վայցելը, շնորհակալություն հայտնելով պարգևի և ջերմ խոսքերի համար, նշել է, որ դժվարությամբ է լքում Հայաստանն այն ժամանակահատվածում, երբ պահպանվող տարածքների ոլորտում մեկնարկել է արդյունավետ համագործակցության կարևոր փուլ և հաջողություն մաղթել ծրագրի նորանշանակ ղեկավար Ալվարո Բեռիելիին:

Կողմերը քննարկել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրի կառուցվածքին և բովանդակությանը վերաբերող հարցեր: Բնապահպանության նախարարը կարևորել է ծրագրի լիարժեք իրականացումը, քանի որ այն լինելով շարունակական, ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է: Ա. Մինասյանը հատկապես առանձնացրել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, հավաստիացնելով, որ բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների զարգացումն ուղղակի իր դրական ազդեցությունը կունենա պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի բարելավման և զարգացման վրա: Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համատեղ քայլերի և դրանց իրականացման ուղիների վերաբերյալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև