Մեկնարկել է Բիբլոս Բանկ Արմենիայի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը

24.08.2017 15:44
Մեկնարկել է Բիբլոս Բանկ Արմենիայի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանը համագործակցում են նոր վարկավորման ծրագրի շրջանակում, որը բարձրագույն կրթությունն առավել հասանելի ու մատչելի կդարձնի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում սովորող և ֆինանսական աջակցության կարիք ունեցող ուսանողները կարող են վճարել իրենց վարձավճարը՝ օգտվելով մատչելի վարկատեսակից:

Ծրագիրը նախատեսում է ուսման վարձի մինչև 80%-ի չափով ֆինանսավորում ընդամենը 5% տարեկան տոկոսադրույքով` արտոնյալ ժամանակահատվածով վարկի մարման հնարավորությամբ: Ուսումնառության և հետագա վեց ամիսների ընթացքում կվճարվեն միայն վարկի տոկոսները, իսկ հետագա երեսուն ամիսների ընթացքում՝ մայր գումարը և տոկոսները:

«Կրթության ոլորտը մշտապես եղել է Բիբլոս Բանկի ուշադրության կենտրոնում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ այս վարկավորման ծրագիրը կօգնի ավելի մեծ թվով ուսանողների ստանալ որակյալ բարձրագույն կրթություն, բացահայտել իրենց ներուժն ու գտնել ուրույն տեղն աշխատաշուկայում: Ավելին, Բանկը, սկսած 2017 թվականից, կրթաթոշակ է տրամադրում նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը Համալսարանի հետ կնպաստի մեր հասարակության զարգացմանն ու բարեկեցությանը», – նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Արտոնյալ պայմաններով վարկն ուսանողներին կտրամադրվի դրական վարկային պատմության առկայության դեպքում, ՀՀ դրամով և երկու անձանց երաշխավորությամբ:

«Որակյալ կրթության վրա ծախսված միջոցները կարող են դառնալ մարդու կյանքում երբևէ կատարած ամենաշահութաբեր ներդրումը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստացած կրթության շնորհիվ անհամեմատ աճում է մեր շրջանավարտների պահանջարկն աշխատաշուկայում և վստահությունը, որ շրջանավարտն իր աշխատանքի շնորհիվ ի վիճակի կլինի կատարել վարկային պարտավորությունները։ Այս համագործակցությամբ համալսարանը ևս մեկ քայլ է կատարում կրթությունը ֆինանսական կարիք ունեցողներին հասանելի դարձնելու համար։ Վստահ ենք, որ շատերը կօգտվեն այս բացառիկ հնարավորությունից» , – իր հերթին նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը։

Ծրագրից օգտվել ցանկացող Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները կարող են դիմել համալսարան մինչև ս.թ. սեպտեմբերի 4-ը՝ նամակ հղելով [email protected] էլ․ հասցեին:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարելի է անցնել հետևյալ հղումով կամ զանգահարել 060 616100 հեռախոսահամարով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև