19.09.2017 18:24
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Հայաստանը կազմակերպություններին առաջարկում է սարքավորումների ներմուծման ֆինանսավորում իր երբևէ ամենացածր տոկոսադրույքով` տարեկան 4%, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Սարքավորումների ներմուծման ֆինանսավորման համար ս.թ. սեպտեմբերից HSBC Հայաստանը տեղական բիզնեսներին տրամադրում է միջազգային չափանիշներով մրցունակ տոկոսադրույք՝ սկսած 4% տարեկան, մինչև հինգ տարի հետաձգված վճարման հնարավորությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բանկից նաև հայտնում են, որ ժամանակակից սարքավորումների ներմուծումը թույլ է տալիս տեղական ընկերություններին հաստատվել միջազգային շուկայում և լինել մրցունակ՝ համընթաց քայլելով ներկայիս փոփոխվող պայմաններին:
«Առևտրի ֆինանսավորման այս եղանակը գործում է բժշկական, ջերմոցային, շինարարական, գյուղատնտեսական, արտադրական հոսքագծերի և այլ սարքավորումների ներմուծման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Էյչ-Էս-Բի-Սի-ն աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է առևտրի ֆինանսավորման ծառայությունների մատուցման ոլորտում:
«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: