Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը

26.09.2017 10:55
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը, հայտնում  «Գոլոս Արմենիի» թերթը։

«Չգիտեմ` կաշխատեմ դեռ երբևէ բանկային համակարգում, բայց պետք է նկատեմ, որ որպես ՀԲՄ նախագահ ընդհանուր առմամբ աշխատել եմ 8 տարի (այդպիսի ժամանակահատված արդեն եղել է իմ կյանքում), իսկ առհասարակ բանկային համակարգում` ավելի քան 44 տարի»,– նշել է Ճզմաչյանը։
Նրա խոսքով, դրանցից 39 տարի նա ղեկավարել է բանկեր և ՀԲՄ–ն։

«Արդեն լինելով բավականին փորձառու բանկիր` ես հասկացա, որ բանկը հիանալի ֆինանսական կառույց է, որը, եթե այն ճիշտ կառավարես, կարող է հսկայական օգուտ և բարիքներ բերել երկրի բնակչությանը և տնտեսությանը, իսկ ինքդ կարող ես մեծ բավականություն ստանալ կատարածդ աշխատանքից։ Անձամբ ես դրանում եմ տեսնում մարդու երջանկությունը, երբ նա հաճույք է ստանում աշխատանքից»,– նշել է Ճզմաչյանը։

Նա հիշեցրել է, որ երկար տասնամյակներ երիտասարդ գործընկերներին քարոզել է այն գաղափարը, որ բանկը պետք է ամեն կերպ զարգացնել` սկզբում, գուցե և, «գոտին ձգելով»։

«Բայց հետագայում ուժեղ և զարգացած բանկը կվերադարձնի` կբերի, ինչպես արդեն ասացի, բարոյական և, ինչու ոչ, ֆինանսական բավարարվածություն, ինչպես նաև, հնարավոր է, հարգանք ու պատիվ։ Այդ պատճառով բանկային աշխատանքում պետք է առաջնորդվել գլխավոր սկզբունքով` լինել անկեղծ, անկեղծ և կրկին անկեղծ»,– ասել է Ճզմաչյանը։
Նա նաև խոսեց ծրագրերի մասին։ Ճզմաչյանի խոսքով, այսօրվա դրությամբ կան որոշ առաջարկներ տնտեսական գործունեության այլ բնագավառներում աշխատելու վերաբերյալ։

«Ամեն դեպքում, ես բացարձակ չեմ զգում իմ տարիքը։ Ավարտելով, մաղթում եմ հայկական բանկերին պտղաբեր, ստեղծագործական աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի։ Բացի այդ, վստահ եմ, որ Հայաստանի կառավարությանը կհաջողվի գործունեության նշանակալի արդյունքների հասնել մեր կյանքի բոլոր ոլորտներում, ինչն արդեն բավականին զգալի նկատվում է Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարության մեկ տարվա աշխատանքում»,– նշել է Ճզմաչյանը։ -0-
 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև