ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6%

26.09.2017 17:45
ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6%

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017 թ.–ի սեպտեմբերի 26-ին Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%, հաղորդում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է ԿԲ—ի տարածած հաղորդագրության մեջ, 2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%:

Ընդ որում, 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է ընդհանուր գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով` նախորդ ամսվա 0.7%-ից հասնելով 1.5%-ի, իսկ սեզոնային գյուղմթերքների գների աճը կտրուկ դանդաղել է՝ 7.8%-ի դիմաց կազմելով 1.2%:

«Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումներն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների մասով: Վերջինս նպաստել է պղնձի գների զգալի բարձր մակարդակի ձևավորմանը, մինչդեռ ապրանքահումքային մյուս շուկաներում դրսևորվել է չափավոր գնաճ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այս պարագայում ԿԲ խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է թույլ գնաճային ազդեցություններ: Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները 1.0 տոկոսային կետով՝ կազմելով 6.0%:

Տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է նաև երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների աճերով, որոնք փոխհատուցել է գյուղատնտեսության և շինարարության ոլորտների նվազումը:

ԿԲ գնահատումների համաձայն` ներքին պահանջարկը վերականգնվում է սպասվածից արագ, ինչի մասին են վկայում տնտեսության վարկավորման, ներմուծման աճի և բնականոն գնաճի արձանագրված բարձր տեմպերը: Ներքին պահանջարկի վերականգնումը մեծապես պայմանավորվել է իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է և կանխատեսվող սցենարով դեռևս որոշ ժամանակ կպահպանվի խթանող:

«Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցել համախառն պահանջարկին, ինչի հետևանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

ԿԲ–ն այս տարվա մարտին դադարեցրել է դրամային քաղաքականության թուլացումը։ Միայն 2016 թ.–ին տոկոսադրույքը նվազեցվել է 8 անգամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև