«ԻՆԳՈ Արմենիան» դուրս է գալիս պարտադիր բժշկական ապահովագրության շուկա և կառաջարկի նոր առցանց պրոդուկտ

29.09.2017 20:09
«ԻՆԳՈ Արմենիան» դուրս է գալիս պարտադիր բժշկական ապահովագրության շուկա և կառաջարկի նոր առցանց պրոդուկտ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ–ն դուրս է գալիս պարտադիր բժշկական ապահովագրական շուկա և կառաջարկի նոր առցանց պրոդուկտ, ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, վարչության նախագահ Արևշատ Մելիքսեթյանը։

Նրա խոսքով, հոկտեմբերի 1–ից ընկերությունը դառնում է պետծառայողների պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի մասնակից, որի շահառուները 100 հազար են։

Բացի դրանից, ընկերությունը հաճախորդներին կառաջարկի կամավոր բժշկական ապահովագրություն ֆիզակական անձանց համար, որը կվաճառվի պետծրագրի հետ միասին։

«Նախատեսում ենք, որ առաջին տարում այդ ծառայության պահանջարկը կկազմի մոտ 2 հազար մարդ (մոտ 300 ընտանիք)` ավելանալով ժամանակի ընթացքում։ Եթե ընտանիքի միջին եկամուտը կազմում է 700–1000 դոլար, ապա նա կարող է իրեն թույլ տալ բժշկական ապահովագրություն ամսական 10–20 հազար դրամի սահմանում, ինչի շրջանակում տրամադրվում է ամբուլատոր և ստացիոնար սպասարկում` ախտորոշում և բուժում,  փաթեթի մեջ չեն ներառվի միայն մի քանի թանկարժեք պրոցեդուրաներ», – ասաց Մելիքսեթյանը «ԱՌԿԱ» գործակալությանը։

Միաժամանակ նա նշեց, որ ընկերությունը պլանավորում է իրականացնել մի քանի նախագծերի թվայնացում, մասնավորապես, փետրվարին Հայաստանում առաջին անգամ հնարավորություն ընձեռվեց առցանց գնել ԱՊՊԱ պոլիսներ, օգոստոսին ընկերությունը թողարկեց երկրորդ առցանց պրոդուկտը` զբոսաշրջային ապահովագրություն։

«Նախատեսում ենք բոլոր արտադրանքներն աստիճանաբար տեղափոխել առցանց ռեժիմ, մասնավորապես, մինչ տարեվերջ այդ համակարգին նախատեսվում է միացնել բազմամակարդակ ԿԱՍԿՈ–ն», – ասաց Մելիքսեթյանը։

Նրա խոսքով, առցանց համակարգը թույլ կտա նշել միայն ապահովագրման բյուժեն, իսկ համակարգը ավտոմատ կերպով կընտրի առաջարկների շարքը և ծառայություների հասանելի փաթեթը։

Ինչպես նշեց «Ինգոսստրախ» ԱԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Տատյանա Կայգորոդովան, Հայաստանում նախատեսվում է ներդնել բժշկական պարտադիր ապահովագրման ավելի առաջատար համակարգ, որն արմատապես տարբերվում է Ռուսաստանում գործող համակարգից։

Մասնավորապես, նրա խոսքով, եթե Ռուսաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունն ըստ էության ապահովագրություն չէ, քանի որ ոչ մի ռիսկ չի ներկայացնում, ապա Հայաստանում դա պարտադիր բժշկական ապահովագրության ռիսկային տեսակն է, որը ապահովագրվածներին թույլ է տալիս ստանալ առավել որակյալ բժշկական ծառայություններ լավագույն սակագներով։

«Հայաստանն ընտրել է բավականին առաջադեմ մոտեցում և կարծում եմ, որ 2–3 տարի հետո երկրում կհայտնվի պարտադիր բժշկական ապահովագրության արդյունավետ ռիսկային տեսակ, որը հնարավորություն կտա արմատապես բարելավվել բժշկական ծառայության որակը», – ասաց Կայգորոդովան։

2017 թ.–ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներով` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ–ի ապահովագրավճարները կազմել են 4,3 մլրդ դրամ, ինչը 18 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից` արտացոլելով ընկերության աճի բարձր տեմպերը։ Ընկերության դիվերսիֆիկացված պորտֆելի 55%–ը կազմում են կամավոր ապահովագրության տեսակների գծով հավաքված ապահովագրավճարները, իսկ 45%–ը բաժին է ընկնում է ԱՊՊԱ–ին, ինչն ապահովում է ընկերության հավասարակշռված և կայուն աճը։

Ընկերության հաճախորդների թվում են 195 հազար ֆիզիկական անձ և 2000 ձեռնարկություն։ Ապահովագրական հատուցումների թիվը կիսամյակի ընթացքում կազմել է 1,9 մլրդ դրամ, իսկ հայտարարված պահանջների հետ միասին կկազմի 2,7 մլրդ դրամ։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ–ն հիմնվել է 1997 թ.–ին` որպես «ԷՖԵՍ» ապահովագրական ՓԲԸ։ 2003 թ.–ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք է բերել «Ինգոսստրախը», ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ–ի ($1 - 478,32 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև