ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկում է ԱՐՔԱ-ՄԻՐ նոր քարտեր

02.10.2017 20:10
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկում է ԱՐՔԱ-ՄԻՐ նոր քարտեր

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարում է  «ԱՐՔԱ-ՄԻՐ» նոր չիպային քարտի թողարկման մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Քարտը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է որպես ԱՐՔԱ քարտ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես МИР քարտ:

Նոր «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտը թույլ կտա առավել մատչելի պայմաններով իրականացնել գործարքներ Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև օգտագործել այն 24/7 ռեժիմով <<շտապ>> դրամական փոխանցումների իրականացման համար:

Մասնավորապես, ինչպես նշում են բանկից, այսուհետ ՌԴ-ից օրվա ցանկացած ժամին հնարավոր է МИР վճարային համակարգի քարտեր սպասարկող և կանխիկ գումարի մուտքագրման (CASH-IN) հնարավորություն ունեցող բանկոմատների միջոցով գումար մուտքագրել քարտին և հաշված րոպեների ընթացքում ստանալ այն Հայաստանում կամ հակառակը:

Նշված տարբերակով շուրջօրյա փոխանցումները հնարավոր են դառնում հիմնական և կից «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտեր պատվիրելու շնորհիվ, որոնց դեպքում քարտային հաշվեհամարը մեկն է: Փոխանցում կատարող անձը կարող է ՌԴ-ում գումար փոխանցել իր մոտ գտնվող քարտին, իսկ փոխանցում ստացող անձը գումարը կանխիկացնել Հայաստանում՝ օգտագործելով իր կից քարտը:

Հատկանշական է, որ «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտերը հաճախորդներին տրամադրվելու են առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի, ինչը լավ հնարավորություն է ստեղծում առանց որևէ լրացուցիչ ծախսերի գործնականում փորձել քարտի կողմից ընձեռվող առավելությունները:

«Նոր քարտատեսակի առանձնահատկություններից է նաև МИР վճարային համակարգի սպասարկման ցանցում և բանկոմատներում քարտով կատարված գործառնությունների ձևակերպման ժամանակ կիրառվող փոխարժեքը, եթե գործարքը կատարվել է քարտի արժույթից տարբերվող արժույթով: Ի տարբերություն այլ վճարային համակարգերի՝ այս դեպքում հիմք է հանդիսանում գործարքի կատարման օրվա փոխարժեքը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին պաշտպանվել արտարժույթի փոխարժեքների կտրուկ տատանումներից»,– նշվում է հաղորդագրության մեջ։

МИР քարտերն արդեն սպասարկվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներով, իսկ ինչ վերաբերում է Բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերում տեղադրված POS տերմինալներով քարտերի սպասարկմանը, ապա Բանկն արդեն իրականացնում է գործող պայմանագրերի վերակնքում և МИР քարտերի սպասարկման ակտիվացում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև