03.10.2017 19:59
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում հաճախորդները կարող են առաջարկել իրենց համար հաստատված վարկի տոկոսադրույքը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Վարկերը տրամադրվում են 60 ամիս ժամկետով` 50,000-250,000 ԱՄՆ դոլար գումարի սահմաններում։ Հաստատված վարկի համար առաջարկվող տարեկան նվազագույն տոկոսադրույքը կազմում է 7.7% , իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կկազմի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Տեղաբաշխման գումարն այս փուլի համար կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար։
«Ծրագրին մասնակցելու համար պարզապես հարկավոր է մինչև 2017թ․հոկտեմբերի 25-ը ներառյալ Բանկ ներկայացնել վարկային հայտ, Բանկի չափորոշիչներին համապատասխան վարկունակության գնահատումից հետո՝ դրական պատասխանի դեպքում, փակ ծրարով մինչև 2017թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ առաջարկել հաստատված վարկի նախընտրելի տոկոսադրույքը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մրցույթի արդյունքների հայտարարման օրը մասնակիցների կողմից փակ ծրարով ներկայացրած տոկոսադրույքի առաջարկները կբացվեն Բանկի ներկայացուցիչների, մրցույթի մասնակիցների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մրցույթում ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) կճանաչվեն մրցույթի հաղթողներ:
«Վարկավորում մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը պայմանավորված է նմանատիպ կոնցեպտով ներկայացվող բանկային պրոդուկտների նկատմամբ հաճախորդների կողմից մեծ հետաքրքրվածությամբ։Մրցույթի առաջին և պիլոտային տարբերակի գործարկումից հետո մենք բավական թվով դրական արձագանքներ ստացանք, իսկ ուղիղ եթերով հեռարձակվող արդյունքների ամփոփումն ապացուցեց մրցույթի ամբողջովին բաց և թափանցիկ լինելու փաստը, ինչի արդյունքում որոշում կայացվեց ծրագրին շարունակական ընթացք տալ։ Այս անգամ նույնպես Բանկը որևէ ոլորտային սահմանափակում չի դնում հաճախորդների առջև, և ծրագրին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում իրենց գործունեությունն իրականացնող իրավաբանական անձինք, ովքեր կհամապատասխանեն մրցույթի կանոններին», - ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:
Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին, մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում, որը զուգահեռ կհեռարձակվի համացանցում` ուղիղ կապով:
Հիշեցնենք, որ կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի առաջին փուլի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ 2017թ սեպտեմբերի 4-ին՝ ուղիղ հեռարձակմամբ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հաճախորդների կողմից բոլոր ներկայացված հայտերը բավարարվեցին, իսկ այն հաճախորդներին, որոնք չէին բավարարում մրցույթի մասնակցության հիմնական պայմաններին առաջարկվեց վարկավորում՝ Բանկում գործող և իրենց պահանջարկին համապատասխանող տոկոսադրույքով։
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`«Credit Bank S.A.L.»–ը, ձեռք է բերել Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով դրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թվականին «Credit Bank S.A.L.»–ի բաժնեմասն աճել է մինչև 89.95 տոկոս, իսկ 2013 թվականին «Credit Bank S.A.L.»–ը միավորել է «Անելիք Բանկ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD - 59,7% и "CreditBank S.A.L." – 40,3%։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: