HSBC Բանկը Հայաստանում ՀԷՑ–ին 55 մլն եվրոյի խոշոր վարկ է տրամադրել

05.10.2017 19:43
HSBC Բանկը Հայաստանում  ՀԷՑ–ին 55 մլն եվրոյի խոշոր վարկ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը (55 մլն եվրո) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ֆինանսավորումը նշանավորում է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև տասնամյա համագործակցությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը:

Գործարքը հիմնվում է գործընկերների միջև փոխվստահության ու նրանց պատրաստակամության վրա՝ նպաստելու Հայաստանի էլեկտրական ցանցի համակարգի կայուն գործունեության և արդյունավետ կառավարմանը: Վարկային միջոցները կօգտագործվեն  վերակառուցելու  ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը:

Հաղորդման համաձայն, HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը լավատես է ՀԷՑ-ի հետ ռազմավարական գործընկերության հարցում. «Այս գործարքը   հիմնված է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև վստահության և երկարաժամկետ համագործակցության վրա: Սա վկայում է նաև մեր հետևողականության մասին, որով ցանկանում ենք նպաստել ներդրումներին՝ ուղղված Հայաստանում կայուն և անվտանգ էներգետիկ ոլորտի զարգացմանը»:

Գործարքը ՀԷՑ-ի ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն երկարաժամկետ հեռանկարում:

«Այս գործարքն իր դրական ազդեցությունը կունենա ՀԷՑ-ի ֆինանսական առողջացման վրա: Հարկ եմ համարում նշել նաև, որ վարկային միջոցները ներգրավվում են առանց պետական երաշխիքի: Ֆինանսավորումը կօգնի ունենալ առավել ապահով, կայուն ու արդյունավետ ընկերություն»,- նշում է ՀԷՑ-ի Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև