Կոնվերս բանկի «Սայաթ–Նովա» մասնաճյուղը վերսկսել է իր բնականոն աշխատանքը

10.10.2017 18:41
Կոնվերս բանկի «Սայաթ–Նովա» մասնաճյուղը վերսկսել է իր բնականոն աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկի «Սայաթ–Նովա» մասնաճյուղը, որտեղից նախօրեին մեծ գումար էին հափշտակել, վերսկսել է իր բնականոն աշխատանքը։

Հոկտեմբերի 9–ին հաղորդում էր ստացվել, որ «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ի «Սայաթ–Նովա» մասնաճյուղից խոշոր չափի գումար են հափշտակել։

Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այսօր առավոտյան Կոնվերս Բանկի «Սայաթ–Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո:

«Դեպքի քննության ընթացքի մասին տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է: Հորդորում ենք զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և չճշտված տվյալների հրապարակումից: Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին՝ ահազանգին արագ արձագանքելու և իրականացված մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև լրատվամիջոցներին՝ իրավիճակի օբյեկտիվ լուսաբանման համար», – նշում են բանկից։

ՔԿ–ի հաղորդմամբ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի կառավարչի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ մասնաճյուղում պայթյուն իրականացնելու սպառնալիքով, վերջինիցս պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական հաշվարկներով, հափշտակվել է տարբեր արժույթի մոտ 95.750.000 դրամին համարժեք (շուրջ 200 հազար դոլար) կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակությունը, որը կատարվել էառանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև