Կոնվերս բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները

18.10.2017 19:57
Կոնվերս բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հիփոթեքային վարկավորման ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգի առաջատար դիրքերում գտնվող Կոնվերս բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը և երկարաձգելով ժամկետը», – հայտնում են բանկից:

«Կոնվերս բանկը կարևորում է երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ պարբերաբար հանդես գալով շահավետ առաջարկներով: «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքի վերանայմամբ բնակարանի ձեռքբերումը հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասել է Կոնվերս բանկի վարկավորման բաժնի պետ Տարոն Հովսեփյանը:

Մասնավորապես, ծրագրի շրջանակում բանկն առաջարկում է առավելագույնը 17,5 մլն դրամի, մարման մինչև 20 տարի ժամկետով վարկեր՝ Հայաստանի բանկային շուկայում ամենամրցունակ՝ 8,5 տոկոս տարեկանով դրույքաչափով: Ըստ որում, այդ տոկոսադրույքը կիրառվում է Հայաստանի ողջ տարածքում: Երևանում վարկավորման տոկոսադրույքը սուբսիդավորվում է 2%, մարզերում՝ 4%-ով: Զուգահեռաբար, Կոնվերս բանկում վերանայվել է նաև «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանային միկրովարկերի տոկոսադրույքը: Այն ներկայում տարեկան 12 տոկոս է՝ նախկին 13-ի փոխարեն:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 20-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև