Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը

19.10.2017 18:08
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը։

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, բանկի՝ 10 մլն դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի թողարկման երկրորդ տրանշի տեղաբաշխման ծավալը  4 մլն ԱՄՆ դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը 24 ամիս է՝ արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ և պարտատոմսերի տարեկան 5,25%  արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Հիշեցնենք, որ  դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը կատարվել է մայիսին: Դրա ընթացքում տեղաբաշխվել է ընդհանուր $6 մլն անվանական արժեքով 60 հազ. հատ արժեկտրոնային պարտատոմս

«Այս անգամ ևս, ինչպես  և նախորդ թողարկումներում, մեր պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացրել շուկայում: Մենք մեր ռազմավարության շրջանակում շարունակում ենք ընդլայնել  հաճախորդների համար հավելյալ արժեք ստեղծող պրոդուկտների ցանկը: Կոնվերս Բանկի պարտատոմսերի թողարկումը, որպես ավանդներին այլընտրանք, այդ ցանկի առաջին ներդրումային պրոդուկտն է»,-  ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Տեղաբաշխումից հետո  պարտատոմսերը ցուցակվելու են NASDAQ OMX Armenia   կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Իսկ Բանկի՝  նախկինում տեղաբաշխած պարտատոմսերն արդեն ներառված են NASDAQ OMX Armenia հարթակի հիմնական՝ Abond ցուցակում:

2017 թ.–ի հոկտեմբերի 16–ի դրությամբ երկրորդային շուկայում Բանկի դոլարային պարտատոմսերի առք և վաճառքի գնանշումները կազմել են համապատասխանաբար 5,63 % և  5,33%, իսկ դրամային պարտատոմսերինը՝ 10,5% և 9,95 %:

«Նշված  գնանշումները վկայում են Կոնվերս Բանկի պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի և  Բանկի նկատմամբ վստահության մասին»,- եզրափակել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև