19.10.2017 20:04
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտին տրամադրած մարդու օրգանիզմին ամենամոտ միջավայր ապահովող ինկուբատորում ցողունային բջիջների միջոցով մարդու մաշկ կաճեցվի։
Դրամաշնորհի միջոցով գնված ինկուբատորն ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիային է տրամադրել «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։
«Շատ լավ որակի ինկուբատոր ենք ձեռք բերել, նախկինը բջիջների կենսունակ վիճակը պահպանելու համար չէր ապահովում բավարար պայմաններ, շատ հաճախ մեր կողմից իրականացվող փորձերը տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվում էին։ Առաջ ջերմաստիճանի և CO2 գազի ցուցիչների սանդղակների վրա նշագրում էինք իրականցրել, որպեսզի կարողանանք ձեռքով կարգավորումներ իրականացնել, այժմ ինկուբատորն ինքնակարգավորվում է։ Առաջին մեր քայլը լինելու է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջներն անջատելը, այնուհետև ստեղծելու ենք բջիջների շտեմարան, որը օգտագործվելու է մեր գենոֆոնդին համապատասխանող մաշկի ստեղծման համար։ Բջիջների շտեմարանի օգնությամբ կկարողանանք ստանալ տարբեր հյուսվածքներ, օրինակ՝ լյարդի, անոթների և օրգանների հյուսվածքներ»,- իր խոսքում նշեց Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ Զարուհի Կարաբեկյանը։
«Ուրախ ենք, որ այսուհետ լաբորատորիայում գիտական աշխատանքներն ավելի արդյունավետ կկազմակերպվեն, ուսանողները հնարավորություն կունենան լաբորատորիայում փորձնական աշխատանքները իրականացնել ժամանակակից սարքերի միջոցով: Ներկայում մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկներն այլ երկրներից են հյուսվածքը ստանում։ Հուսով ենք, որ հիմնադրամի կողմից իրականացված ներդրման և մեր գիտնականների աշխատանքի արդյունքում շուտով այլընտրանք կունենանք», - իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից ստեղծվել է երկու տարի առաջ: Այս տարի դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար հիմնադրամը ստացել է 128 հայտ: Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի` Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի ներկայացրած ծրագիրը հաղթած 4 ծրագրերից մեկն է:
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: