Տոկոսադրույքների նվազումը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար. Ամերիաբանկ

29.11.2017 15:32
Տոկոսադրույքների նվազումը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար. Ամերիաբանկ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տոկոսադրույքների ընդհանուր նվազումը ստեղծել է նոր հնարավորություններ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման համար, առցանց ասուլիսի ժամանակ ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, հոկտեմբերի դրությամբ մինչև մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքները տարվա սկզբի համեմատ նվազել են 2,3 տոկոսային կետով և կազմել են 13,17%, իսկ ավանդների մասով` 1,33 հորիզոնականով` մինչև 8,77%.

Բարսեղյանի խոսքով, ավանդների տոկոսադրույքների նվազումը թույլ է տալիս բնակչությանը դիտարկել ներդրման այլընտրանքային և ավելի շահավետ գործիքներ, որոնք էլ հենց կորպորատիվ պարտատոմսերն են։

Միաժամանակ նա նշեց, որ այսօր կոմերցիոն ընկերություններին ձեռնտու է թողարկել պարտատոմսեր այն դեպքում, եթե նրանք ունեն ռիսկի համապատասխան պրոֆիլ, ինստիտուցիոնալ կայացած են և ունեն կորպորատիվ կառավարման բարձր մակարդակ։

«Տոկոսադրույքների նվազման միտումը կաջակցի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ակտիվացման։ Բարձր տոկոսադրույքները տարիներ շարունակ եղել են կապիտալի շուկայի զարգացման հիմնական զսպող գործոնը։ Պոտենցիալ ներդրողներին դժվար էր ձեռնտու համարել կապիտալի շուկայի գործիքները, ընդ որում կարելի էր առանց որևէ ռիսկի ներդնել սեփական միջոցները դեպոզիտներում։ Այսօր նման հնարավորություն չկա, և նրանք պետք է ներդրման այլընտրանքներ դիտարկեն», – ասաց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև