29.11.2017 21:51
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2018թ.-ին Կոնվերս բանկը ծրագրում է հանդես գալ պարտատոմսերի հերթական թողարկումներով, որոնք ուղղված կլինեն նաև արտաքին ներդրողներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Տեղաբաշխվել է Կոնվերս բանկի դոլարային պարտատոմսերի` 4 մլն ԱՄՆ դոլար ծավալով երկրորդ տրանշը։
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է՝ արժեկտրոնների վճարումը կիսամյակային պարբերականությամբ, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերութունը սահմանվել է 5,25%: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է:
Տեղաբաշխումն ավարտվել է ժամկետից շուտ:
«Այս տարվա ընթացքում սա արդեն երրորդ հաջողված տեղաբաշխումն է, որի արդյունքում ֆինանսական շուկայում Կոնվերս Բանկի պարտքային արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմեց 10 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ դրամ», - ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տեղաբաշխմամբ Կոնվերս Բանկն արդեն իր կայուն տեղն է գրավել պարտատոմսեր թողարկող առաջատարների ցանկում:
Առաջիկայում պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:
Բանկը դոլարային երկու տարեկան պարտատոմսերի առաջին տրանշը (ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5.75% արժեկտրոնի եկամտաբերությամբ) տեղաբաշխել էր մայիսին: Նոյեմբերի 24-ի դրությամբ երկրորդային շուկայում այդ պարտատոմսերի առք եւ վաճառքի գնանշումները կազմել են 5.31%/5.00% (բորսայական հապավում՝ COVSB2), ինչը նշանակում է պարտատոմսերի գների բարձրացում, որի արդյունքում Բանկի հաճախորդները հավելյալ եկամուտ են ստացել:
Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով:
2017թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ, Բանկի ակտիվները 233,429,144 հազար դրամ են, պարտավորությունները՝ 198,660,662.հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,768,482 հազար դրամ է: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: