Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը

06.12.2017 15:51
Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից այս տարի թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է «B+» երկարաժամկետ վարկանիշ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է այս տարի մայիսին բանկին շնորհված երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։

Վարկանիշը սահմանելիս վարկանիշային գործակալությունը հաշվի է առել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակը:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերն ունեն 5,5% տարեկան եկամտաբերություն և շրջանառության մեջ են լինելու մինչև 2020 թվականը։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև