26.01.2018 18:12
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Եվրասիական զարգացման բանկի հիմնադրամ է ուղղել 43 միլիոն դոլարի 28 հայտ` սոցիալական ոլորտի նախագծեր ֆինանսավորելու նպատակով: Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, դրամաշնորհ ստանալու ամենաշատ հայտեր ըստացվել են Հայասանից:
Եվրասիական զարգացման բանկը, որպես Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարող, ամփոփել է ԿԶԵՀ–ի միջոցներից դրամաշնորհներ տրամադրելու 2-րդ մրցույթի շրջանակում հայտերի ստացման արդյունքները:
Մրցույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստանին, Ղրղըզստանին ու Տաջիկստանին: Ղրղըզստանից ստացվել է 25,4 մլն դոլարի 12 հայտ, Տաջիկստանից` 16,1 մլն դոլարի 6 հայտ: Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի քարտուղարությունը ստացել է 84, 5 մլն դոլարի նախագիծ ֆինանսավորելու 46 հայտ։
Հայտերի մեծ մասը սոցիալական ապահովության ու պաշտպանության ոլորտի նախագծեր են, այդ թվում` պարենային անվտանգությունը` 15 հայտ, երկրորդ տեղում է կրթությունն ու ուսուցումը (14 հայտ), երրորդում` պետական կառավարման արդյունավետությունը (11 հայտ): Ստացվել է նաև առողջապահության ոլորտի նախագծերի ֆինանսավորման 6 հայտ:
Մեկ հայտում նշված դրամական միջոցի միջին ծավալը կազմել է մոտ 1,8 մլն դոլար:
ԵԶԲ-ն սկսել է ստացված հայտերի ուսումնասիրությունը: Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրուրդին կներկայացվեն առաջարկություններ դրամաշնորհներ հատկացնելու վերաբերյալ:
Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ՝ Բանկ) հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006 թվականի հունվարի 12-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: 2009 թվականին Բանկին են միացել Հայաստանը և Տաջիկստանը: 2010 թվականին միացել են նաև Բելառուսի Հանրապետությունը, իսկ 2011 թվականին` Ղրղըզստանը: Յուրաքանչյուր մասնակից պետություն Բանկի խորհրդում նշանակում է իր իրավասու ներկայացուցչին և նրա տեղակալին: Բանկի վարչության նախագահն է Դ.Վ. Պանկինը: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: