ՀՀ ԿԲ–ն ֆինանսական գրագիտության դասեր կանցկացնի ուսուցիչների համար

01.03.2018 12:54
ՀՀ ԿԲ–ն ֆինանսական գրագիտության դասեր կանցկացնի ուսուցիչների համար

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:

Ինչպես հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, վերապատրաստումները կազմակերպվելու են հետևյալ առարկաների ուսուցիչների համար՝  «Ես և շրջակա աշխարհը» և «Մաթեմատիկա» (2-4-րդ դասարանների ուսուցիչների համար),  «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» (5-11-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-11-րդ դասարաններ):

Ընտրված թեկնածուներ, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն նշված դասընթացներն իրենց մարզի ուսուցիչների համար: Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր վերապատրաստողի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա գործարքային սկզբունքով կվարձատրվի իրականացրած դասընթացների համար:

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 31-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը [email protected] էլ. hասցեով՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV): Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել 010 592 697հեռախոսահամարով:-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև