ԱՄՀ-ն հայտարարություն է տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով

29.03.2018 13:42
ԱՄՀ-ն հայտարարություն է տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմի թիմը՝ պրն. Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, մարտի 14-28-իընթացքում այցելեց Երևան՝ Հայաստանի հետ ԱՄՀ հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով, հայտնում է ԱՄՀ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է, այցի ավարտին պրն. Սամիին հրապարակեց հետևյալ հայտարարությունը. «Աշխատակազմի թիմը ողջունում է համապարփակ բարեփոխումների օրակարգ իրականացնելու կառավարության մտադրությունը, որին օժանդակում է 2017-22 թթ. զարգացման ծրագիրը: Օրակարգը համապատասխանաբար նպատակադրում է ավելի բարձր և ավելի ներառական աճի խթանումը: ԱՄՀ-ի օժանդակությամբ հնարավոր նոր ծրագիրը կօգնի կառավարությանը՝ իրագործելու միջին եկամտով դիվերսիֆիկացված տնտեսություն դառնալու Հայաստանի տեսլականը»:

«Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք 2018 թ. մնացած ժամանակահատվածում և միջնաժամկետ հեռանկարում քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ: Լավ առաջընթաց է գրանցվել բարեփոխումների առաջնահերթությունները և քաղաքականությունները բնորոշելու ուղղությամբ՝ մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունության պահպանման համար: Քննարկումները կշարունակվեն առաջիկա ամիսներին», - նշվում է հաղորդագրությունում:

Ինչպես նշում է ԱՄՀ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում թիմը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ: «Թիմը շնորհակալություն է հայտնում իշխանություններին՝ համագործակցության և հյուրրընկալության համար», - հայտնում են ԱՄՀ-ից:

Արժույթի միջազգային հիմնադրամը միջազգային կազմակերպությունէ՝ տեղակայված Վաշինգտոն ԿՇ-ում, որին անդամակցում են 189 երկրներ, միտված է խթանելու համաշխարհային դրամային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայունությունը, հեշտացնել միջազգային առևտուրը, զարգացնել աշխատանքը, կայուն տնտեսական աճը և կրճատել աղքատության մակարդակը ողջ աշխարհում: Ձևավորվելով 1944 թվականին Բրետոն Վուդսի համաժողովում Հարի Դեքստեր Ուայթի և Ջոն Մեյնարդ Քեյնեսի գաղափարների հիման վրա՝ այն պաշտոնական ձևակերպում ստացավ 1945 թվականին, 29 երկրների անդամակցությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել միջազգային վճարման համակարգը: Այժմ կազմակերպությունը կարևոր դեր է խաղում վճարման համակարգում դժվարությունների կառավարման և միջազգային ֆինանսական ճգնաժամերի հարցում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև