03.04.2018 13:03
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ առաջին հակադարձ ռեպո գործարքն են իրականացրել, հայտնում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներգրավել է 2.3 մլրդ ՀՀ դրամի չափով գումար մեկ տարի ժամկետով՝ ԱՄՆ դոլարով արտահայտված ՀՀ պետական Եվրոպարտատոմսերի ապահովությամբ:
Գործարքը երաշխավորում է փողի շուկայի զարգացման ոլորտում մասնագիտացված առաջատար կազմակերպություններից մեկը՝ Frontclear-ը, որը հիմնադրվել է Եվրոպական կառավարությունների և զարգացման ֆինանսական կազմակերպությունների կողմից:
Բանկից նշում են, որ վերոնշյալ գործարքը Frontclear ընկերության երաշխավորությամբ իրականացված առաջին գործարքն է Հայաստանում:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դինամիկ զարգացող ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին։ Բանկը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ, ներդրումային և private բանկի սկզբունքներին, մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի ֆինանսական հատվածում բրոքերային ծառայություններին և իրացվելիության կառավարմանը:
Հակադարձ ռեպո գործարքի իրականացումը հանդիսանում է ՎԶԵԲ-ի` ՀՀ դրամի և տեղական կապիտալի շուկաների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորագույն մաս:
Գործարքն ուժեղ դեմոնստրատիվ ազդեցություն ունի տեղական ֆինանսական շուկաների վրա, քանի որ այն իրականացվել է ՎԶԵԲ-ի և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջև 2018թ.-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում, որը կողմերին միմյանց հետ ռեպո գործարքների կնքման հնարավորություն է ընձեռում:
«Գործարքը հնարավոր է դարձել ՀՀ Կենտրոնական բանկի աջակցության շնորհիվ, որն ապահովել է Հայաստանում ածանցյալ գործիքների և ռեպո գործարքների համար իրավական և կարգավորող դաշտի ներդնումը: Այս իրավական բարեփոխմանը աջակցել են նաև ՎԶԵԲ-ի Տեխնիկական համագործակցության հիմնադրամները»,– ասվում է հաղորդման մեջ։
ՀՀ դրամով արտահայատված ռեպո շուկայում գործունեության ծավալումը մեծ ազդակ է իշխանություններին և միջազգային ներդրողներին, որ ՎԶԵԲ-ը ոչ միայն տրամադրում է տեխնիկական աջակցություն տեղական դրամական շուկաների զարգացման համար, այլ նաև հանդիսանում է այդ շուկաների մասնակից:
Frontclear-ը ֆինանսական շուկաների զարգացման հաստատություն է, որը մասնագիտացած է զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում (EMDC) կայուն և ընդգրկուն միջբանկային շուկաների կատալիզացիայի վրա: Frontclear-ը նպաստում է տեղական ֆինանսական հաստատությունների կողմից միջբանկային շուկաներ մուտք գործելուն՝ նրանց վարկային ռիսկի ապահովագրման համար երաշխիքների տրամադրման միջոցով:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է` ընդհանուր ներդրումները կազմել են ավելի քան 1.13 մլրդ եվրո 157 նախագծերում երկրի ֆինանսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի և կորպորատիվ ոլորտներում: Նախագծերի 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: