Կոնվերս Բանկի և «Այբ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար կանցկացվի

10.04.2018 18:30
Կոնվերս Բանկի և «Այբ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև:

Դրա շրջանակում մայիսի 5-ին Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթությանը աջակցությունը գործունեության ողջ ընթացքում եղել է Կոնվերս Բանկի առաջնահերթություններից մեկը: Այս մրցաշարը բնական գիտությունները հանրայնացնելու՝ մասնավորապես, քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու հիանալի հնարավորություն է»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նրա խոսքով, Կոնվերս Բանկը երկարամյա համագործակցության փորձ ունի Հայաստանի մի քանի կրթօջախների հետ, որոնց սաների համար պարբերաբար հանդես է գալիս տարբեր շահավետ առաջարկներով, ինչպես նաև աջակցում նրանց կրթական միջավայրի ու պայմանների բարելավման:

Բանկի որդեգրած այս մոտեցումը հատկապես ընդգծված կլինի 2018 թվականի ընթացքում.

«Այս տարի Կոնվերս Բանկը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: 25-ամյակի միջոցառումների շրջանակում  հանրությանը կներկայանանք նորարարական մտածելակերպի խրախուսմանն և երիտասարդությանը հասցեագրված բազմաթիվ նախագծերով», – ասել է Արթուր Հակոբյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցելու է 9-12-րդ դասարանների  40 թիմ Երևանից, ՀՀ և Արցախի տարբեր մարզերից, ինչը նշանակում է, որ մրցաշարի նկատմամբ բարձր դասարանցիների հետաքրքրությունը հետզհետե աճում է:

«Մենք շատ ոգեշնչված ենք այս համագործակցությամբ։  «Այբ» հիմնադրամի և «Կոնվերս Բանկ» -ի այս համագործակցության արդյունքում մենք կարող ենք բացահայտել պայծառ երիտասարդներ, ովքեր վաղը կշարունակեն իրենց ուսումն ու զարգացումը և կդառնան մեր երկրում քիմիական արդյունաբերության, առողջապահության զարգացման գրավականը», - ասել է «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։

Նշենք, որ  «Այբ» կրթական հիմնադրամի հերթական այս նախաձեռնությունը իրականացվում  է 2010թ-ից: Մրցաշարն ինտերակտիվ խաղ է, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների թիմեր: Մրցաշարի ընթացքում  9-ից 12-րդ դասարանցիները  լուծում են  քիմիայի առաջադեմ խնդիրները, քննարկում տարբեր գիտական թեմաներ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև