ՀՀ ԿԲ–ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն. ֆինանսական համակարգը կայուն է

02.05.2018 12:06
ՀՀ ԿԲ–ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն. ֆինանսական համակարգը կայուն է

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն չորեքշաբթի հաղորդագրություն է տարածել երկրի ֆինանսական համակարգի վիճակի մասին հասարակության շրջանում առկա մտահոգության կապակցությամբ։

«ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ», – նշվում է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

«Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն /իրացվելիություն/, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Ավելին՝ հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները», – նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ։

ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար:

«Կրկին հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանգստություն և ապատեղեկատվության արդյունքում չցուցաբերել անհանգիստ վարքագիծ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև