ՀՀ ԿԲ–ն կրկին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6%

15.05.2018 18:31
ՀՀ ԿԲ–ն կրկին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6%

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. 2018 թ. մայիսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

2018 թ. ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում զգալիորեն նվազել է՝ կազմելով 2.4%:

Ձևավորված ցածր գնաճը պայմանավորվել է ինչպես բնականոն գնաճի աճի դանդաղմամբ, այնպես էլ սեզոնային ապրանքների գների նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճն առաջիկա ամիսներին դեռևս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածի մոտ: Արտաքին հատվածում ապրիլ ամսվա փաստացի զարգացումների համաձայն շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում դիտվող թույլ գնաճային միտումները:

Նման պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը համաչափ գնաճային ազդեցություններ: Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. առաջին եռամսյակում պահպանվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով:

Դա ուղեկցվել է նաև ներքին պահանջարկի վերականգնման բարձր տեմպերով և ակնկալվում է, որ երկրորդ եռամսյակից վերջինիս աճը որոշակիորեն կդանդաղի՝ աստիճանաբար մոտենալով իր կայուն մակարդակին։ Խորհուրդը գտնում է, որ տարվա անցած ժամանակահատվածում գնաճային սպասումները կայունացել են և առաջիկա ամիսներին լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն սպասվում:

Միևնույն ժամանակ, Խորհուրդը գնահատում է, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա արդյունավետորեն չեզոքացվել է ԿԲ անկախության մանդատի ներքո կիրառված համարժեք գործիքակազմի շնորհիվ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում դեռևս պահպանել գործող դրամավարկային պայմանները՝ միաժամանակ գտնելով որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կտատանվի թույլատրելի միջակայքում՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերը ներկայումս գնահատվում են ավելի հավասարակշռված, որոնց դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև