04.07.2018 19:03

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս բնակչությանը զերծ մնալ Swissquote bank–ի հետ գործընկերությամբ Financial Trading House–ի ծառայություններից, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյանը։

Շվեյցարական Swissquote bank–ը հուլիսի 2–ին Երևանում հայտարարել է Հայաստանից հաճախորդներ ներգրավելու մեկնարկի մասին։ Հայաստանում բանկի գործընկեր դարձավ FTH–ը (Financial trading house)։ Շնորհանդեսին ներկա գտնված Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Swissquote bank–ի հետաքրքրվածությունը հայկական շուկայի նկատմամբ, նախևառաջ, խոսում է երկրի նկատմամբ վստահության մասին։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն նոր  ծառայությունների նկատմամբ հասանելիություն կստանա, այլ նաև ֆինանսական ռեսուրսների ավելի լայն շրջանառության հնարավորություն, ավելացնելով, որ դա, այդ թվում, մեծացնում է երկրի հեղինակությունը և ներդրողների վստահությունը։

FTH–ը կզբաղվի միջոցների ներգրավմամբ և շվոյցարական  Swissquote bank–ում հաշիվների բացմամբ, ինչպես նաև ռոբոտների տրամադրմամբ (ավտոմատացված առևտրային համակարգ), որոնք իրենց հաճախորդների համար միջոցներ կվաստակեն բորսայում։ FTH–ն նշում է նաև, որ արդյունքում հաճախորդներն ամսական մինչև 4-8 տոկոսի պասիվ եկամուտ կստանան։

«Financial Trading House ընկերությունը գովազդում է մի կազմակերպության online և robo-trading ծառայությունները, որը բանկային արտոնագիր չունի Հայաստանում` խոստանալով հաճախորդների համար բացել կոմերցիոն հաշիվներ և դրանցում դրված միջոցներից ստացվող եկամուտներ։ ԿԲ–ն ուսումնասիրել է ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների օրինականությունը և եկել է եզրակացության, որ դրանք անօրինական են»,– ասաց Կբեյանը։

Նա նշեց, որ այդ սխեման նման է Ֆորեքս–տեխնոլոգիաների և կոչ արեց զերծ մնալ Financial Trading House–ի տրամադրած ծառայություններից։

Կբեյանը հայտնեց նաև, որ ԿԲժն Հայաստանում նման կազմակերպության կամ բանկի գործունեության արտոնագիր չի տրամադրել։

FTH (Financial trading house) ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին և դարձել է ֆինանսական գլոբալ շուկայի առաջատար ընկերություններից մեկը։ 2015 թվականից ընկերությունը միջնորդի ծառայություններ է մատուցում Swissquote bank–ին։

Swissquote bank–ը շվեյցարական խոշորագույն օնլայն–բանկերից է, որն ունի շուրջ 300 հազար հաճախորդ ամբողջ աշխարհով։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև