10.07.2018 14:54
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնում է վարկային միջնորդ կազմակերպությունների անվստահելի լինելու մասին, ինչպես նաև նշում է, որ չի օգտվում միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ վերջերս հայտնվել են ընկերություններ, որոնք ներկայանում են հաճախորդներին որպես միջնորդ և խոստանում են աջակցություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ ստանալու հարցում: Զեղծարարները մոլորության մեջ են գցում հաճախորդներին, ներկայացնում ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Բանկից հայտնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից: Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում բանկը հորդորում է ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը:
Հայաստանի ողջ տարածքում գործող բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակի վարկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Բանկի մասնաճյուղեր, զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: