«Մանանա» օրգանական թեյը մեկ տարում կրկնակի ընդլայնել է արտահանման աշխարհագրությունը

12.07.2018 17:45
«Մանանա» օրգանական թեյը մեկ տարում կրկնակի ընդլայնել է արտահանման աշխարհագրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. «Մանանա» հայկական արտադրության օրգանական թեյերը շարունակում են տարածում գտնել Եվրոպայի երկրներում և նոր շուկաներ են մտնում։

Մեկ տարում ընկերությունը կրկնապատկել է արտահանման երկրների թիվը` 40 տոկոսով ավելացնելով արտադրությունը։ Այդ մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

2017 թվականին թեյի համաշխարհային արտադրությունն ավելացել է 6 տոկոսով և կազմել է ավելի քան 5 մլն տոննա։ Կանխատեսումների համաձայն, առաջիկայում ավելի արագ տեմպերով կաճի կանաչ թեյի սպառումը` տարեկան 7.5 տոկոս, ինչը նաև պայամանավորված էմարդու առողջության և ինքնազգացողության համար օրգանական թեյերի օգտակարության մասին իրազեկվածության բարձրացմամբ։

Բուսական թեյն ավելի մեծ տարածում է գտնում հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր ձգտում են առողջ կենսակերպ վարել։ 2017 թվականին Mintel research on tea and hot drinks հարցման համաձայն, 25-34 տարեկան բրիտանացիների 37 տոկոսն ասում է, որ օրական մինչև 5 բաժակ տարբեր տեսակի թեյ է օգտագործում տանը կամ աշխատավայրում։

Այժմ բրիտանացիներին հնարավորություն է ընձեռվել համտեսել նաև «Մանանա» հայկական թեյը։ Հաշվի առնելով օրգանական արտադրանքի բարձր պահանջարկը` հունիսին ընկերությունը սկսել է լեռնային ուրցի և անանուխի թեյի արտահանում Մեծ Բրիտանիա։

«Մանանա» թեյի խառնուրդներ պատրաստելու համար օգտագործվում է Հայաստանի բարձրալեռնային շրջաններում աճող ավելի քան 15 անուն բույս։ «Մանանա» արտադրանքի հսկայական բազմազանությունը, վերամշակման բացառիկ տեխնոլոգիան և ԲԻՈ–հավաստագրումը թույլ են տալիս առավելագույնս պահպանել բուսական թեյի բոլոր օգտակար հատկությունները, բարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։

Հայկական վայրի ուրցն ու անանուխը վաղուց ի վեր հայտնի են ոչ միայն իրենց համային, այլ նաև բժշկարար հատկություններով։ Հակասեպտիկ ազդեցության շնորհիվ, Հայաստանում ուրցը լայնորեն կիրառվում է մրսածության կանխարգելման, կոկորդի բուժման և զարկերակային ճնշման նվազեցման համար, իսկ անանուխի թեյն օգտակար է ստամոքսի խանգարումների և մարսողության խնդիրների դեպքում։

«Ուրախ ենք, որ թեյի սիրահարներն ամբողջ աշխարհում գնահատել են հայկական խոտաբույսերի օգտակար հատկությունները և հաճույք են ստանում բուրումնավետ և բնական ըմպելիքը վայելելուց։ «Մանանա» բուսական թեյը հաճելի ջերմացնում է ձմռանը, ամռանը` հագեցնում ծարավը և միաժամանակ օգուտ տալիս օրգանիզմին։ Մենք մշտապես ընդլայնում ենք արտադրությունը և ներդնում ISO միջազգային ստանդարտներ` արտադրանքի երաշխավորված բարձր որակ ապահովելու համար»,– նշեց ընկերության կոմերցիոն տնօրեն Զոհրաբ Մինասյանը։

Բացի Եվրոպայի երկրներից, մասնավորապես, Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, «Մանանա» թեյերն արտահանվում են նաև Ռուսաստան, ԱՄԷ և ԱՄՆ։ «Մանանա» բուսական թեյերը կարելի է ձեռք բերել ինչպես խոշոր ցանցային խանութնդրից, այնպես էլ առցանց պատվիրել ողջ աշխարհով։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև