28.07.2018 01:36
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնական JCB Co. International-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի համագործակցության արդյունքում Հայաստանում սկսվել է JCB քարտերի սպասարկում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
«JCB-ն միջազգային խոշոր վճարային բրենդ է, որը Ճապոնիայում վճարային քարտեր թողարկող առաջատար ընկերությունն է։ JCB-ին 24 երկրներում ունի ավելի քան 117 միլիոն քարտապան, և ներկայումս JCB-ի կողմից թողարկված քարտերը ընդունվում են աշխարհի մոտ 30 միլիոն վաճառակետերում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում Հայաստանում սկսել ենք JCB քարտերի սպասարկումը: JCB քարտերի ընդունման նպատակով արդեն բարձրացրել ենք մեր բանկոմատային ցանցի ֆունկցիոնալությունը, ԲԱՆԿի գործընկեր առևտրային կետերն էլ հնարավորություն կունենան ընդունելու JCB քարտերը իրենց մոտ տեղադրված POS տերմինալների միջոցով: Համոզված ենք, որ մեր համագործակցությունը նոր խթան է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները JCB քարտերով այսուհետ կարող են առանց հավելյալ վճարների գործարքներ կատարել առևտրային կետերում, նաև կանխիկացնել իրենց դրամական միջոցները բանկի բանկոմատային ցանցի և մասնաճյուղերի միջոցով»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
JCB Co. International-ի ավագ փոխնախագահ Յուշիրո Կադավակին իր խոսքում նշեց. «Հայաստանի առաջատար բանկերից մեկի հետ համագործակցությունը նշանակալի քայլ է, որը կօգնի բարձրացնել JCB-ի ներկայությունը ԱՊՀ շուկայում: Սա կարևոր պահ է ողջ աշխարհի JCB քարտապանների համար, հատկապես ռուսական JCB քարտապանների համար, քանի որ Հայաստանը ռուսական բիզնեսի և զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկ է: Բացի այս, անցյալ տարի ճապոնացի զբոսաշրջիկների համար Հայաստանը սահմանեց ազատ վիզային ռեժիմ, ուստի ակնկալում ենք, որ ապագայում Ճապոնիայից զբոսաշրջիկների աճող հոսք կլինի: Հայաստանում JCB քարտերի ընդունումն ավելի մեծ օգուտներ ու հարմարավետություն կբերի մեր բոլոր քարտապաններին»:
«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: