18.09.2018 12:20
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարեց ֆիզիկական անձ-հաճախորդների տուգանքների ներման մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարեց ֆիզիկական անձ-հաճախորդների 271 և ավել օր ժամկետանց և 31.05.2018թ. դրությամբ անհուսալի դասակարգված սպառողական վարկերի գծով առաջացած տույժերի և տուգանքների ներման մասին: Նշված հնարավորությունը գործում է մինչև 31.12.2018թ»,– ասվում է ընկերության հաղորդման մեջ։
Ինչպես նշում են ընկերությունից, ընձեռնված հնարավորությունը սկսել է անմիջապես մեջ պահանջարկ վայելել ֆիզիկական անձ-հաճախորդների շրջանում և այսօրվա դրությամբ Բանկի կողմից արդեն կատարվել են ավելի քան 2.000 վարկերի ներումներ՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի (անգրավ և անշարժ գույքի գրավով սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով վարկեր, վարկային քարտեր) գծով առկա պարտավորության հետագա մարումը և որոնք համապատասխանում են վերոնշյալ չափանիշներին, անհրաժեշտ է հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով մինչև դեկտեմբերի 31–ն այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ստանալով հնարավորություն մարելու պարտավորությունը մինչև 5 տարի մարման ժամկետով և նոր ժամանացույցով:
Ներման պայմանով հաշտության համաձայնագրի կնքման համար պարտադիր պայման է հաշտության պայմանագրի ձևակերպման օրը առաջին մարում կատարելը:
Պարտքի մարման նոր ժամանակացույցն ու հաշտության համաձայնագրի ձևակերպումը տեղի է ունենում հաճախորդի Բանկի մասնաճյուղ դիմելու օրը՝ տեղում, և տևում է սկսած 15 րոպեից:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: